ՎՎարդուհի Բալյան

Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական նոր ծրագիր կներդրվի

Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական նոր ծրագիր կներդրվի

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը գյուղատնտեսական նոր նախագիծ կիրականացնի Գեղարքունիքի մարզում: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է մարզպետ Կարեն Սարգսյանը:

 

Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրերի գյուղացիական տնտեսություններում կտեղադրվեն արևային կայաններ, ինչը գյուղատնտեսության զարգացման հնարավորություն կստեղծի մարզի համայնքներում։

 

Ծրագրի ներդրման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով այսօր Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար Վահան Առաքելյանին։

«Ըստ ծրագրի համակարգողի ներկայացման՝ նույն ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզպետարանի առաջարկությամբ պետք է ընտրվեն սահմանամերձ 5 գյուղական բնակավայրեր, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվի 20 կիլովատտ հզորության արևային կայան։ Բացի դրանից՝ յուրաքանչյուր բնակավայրից կընտրվեն 15-ական ընտանիքներ, որոնք աջակցություն կստանան գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների, նաև՝ մրգերի և բանջարեղենի չորանոցների տեսքով»՝ նշել է Գեղարքունիքի մարզպետը և ավելացրել.

 
«Տեղադրված արևային կայաններից յուրաքանչյուրի շահագործման դեպքում տարեկան գոյանում է 1,5 միլիոն դրամի տնտեսում, որից 1 միլիոն դրամն ուղղվում է գյուղատնտեսության զարգացման ծրագրերին, իսկ 500 հազար դրամը մնում է համայնքապետարանի տրամադրության տակ։ Ծրագրի շահառու պետք է լինեն առաջին հերթին սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքները, որոնք իրենց տրամադրության տակ ունեն տնամերձ հողամասեր։ Կկազմակերպվեն համապատասխան դասընթացներ, կտրամադրվեն մորու և մոշի տնկիներ և կաթիլային ոռոգման համակարգ ու չորանոցներ՝ չրեր պատրաստելու համար»։
 
Ծրագիրը ոչ միայն կխթանի այս տնտեսությունների զարգացմանը, այլ նաև կապահովի կայուն եկամուտներ։ Նման ծրագիր ներդրվել է Շիրակի մարզում և արդյունքները գոհացուցիչ են՝ նշել է ծրագրերի համակարգող Վահան Առաքելյանը և հույս հայտնել, որ Գեղարքունիքի մարզում էլ այն հաջող քննություն կբռնի, և, ամենայն հավանականությամբ, 2023 թվականի փետրվարին մենք ձեր միջոցով կընտրենք հաջորդ գյուղական ու սահմանամերձ 5 բնակավայրերի նոր տնտեսություններին:

 

Ըստ մարզպետ Սարգսյանի՝ նման ծրագրի ներդրումը շատ կարևոր նշանակություն կունենա սահմանամերձ բնակավայրերի կարիքավոր ընտանիքների սոցիալական դժվարին վիճակի բարելավման տեսանկյունից։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում