ՆՆարե Թադևոսյան

Հաշմանդամության սահմանման գործընթացում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի. պարզաբանում

Հաշմանդամության սահմանման գործընթացում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի. պարզաբանում

Հաշվի առնելով վերջին շրջանում զինհաշմանդամության խմբի վերանայման վերաբերյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների անհանգստությունը և մտահոգությունը՝ Հիմնադրամը պարզաբանում է, որ հաշմանդամության սահմանման գործընթացում որևէ ներգրավվածություն չունի՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի։

«ԶԱՀ-ը հատուցում է տրամադրում մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ Հատուցումները տրամադրվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) որոշման արդյունքում շահառուի հաշմանդամության խմբի տրամադրման կամ վերանայման վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։

Զինհաշմանդամության խմբի վերանայման դեպքում, օրինակ՝ 2-րդ խմբից 3-րդ խմբի վերանայում, շահառուն դադարում է հատուցում ստանալ օրենքի համաձայն։ Ընդ որում, եթե անձը համաձայն չէ ԲՍՓՀ կայացրած որոշման հետ, ըստ գործող օրենսդրության, կարող է բողոքարկել այն՝ վարչական կամ դատական կարգով։

Միևնույն ժամանակ, զինհաշմանդամություն ունեցող անձը ցանկացած պահի, եթե համարում է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, կարող է դիմել (ԲՍՓՀ) կրկին բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու նպատակով (հաշմանդամության խմբի վերանայման նպատակով)։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, հաշվի առնելով շահառուների շրջանում առկա մտահոգությունները, կհամագործակցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հասարակության և մասնավորապես շահառուների շրջանում թեմայի շուրջ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ»,- ասված է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարզաբանման մեջ:

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ոտքը կորցրած Արամ Քալանթարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ ահազանգելով, որ զրկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրամադրվող հատուցումից։

Գրառման մեջ Քալանթարյանը հայտնել էր՝ սկզբում ստացել է 2-րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, որի համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նշանակվել է հատուցում, իսկ 1 տարի անց, հաշմանդամության վերափորձաքննության ժամանակ հաշմանդամության 2-րդ կարգը փոխարինվել է 3-րդ կարգով, որի հետևանքով դադարեցվել էին նաև Հիմնադրամի հատուցումները։

Վերջինս բաց նամակը հասցեագրել էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, Զինվորի Տուն Վերականգնողական կենտրոնին, ՀՀ պաշտպանության նախարարությանը, Զինծառայողների իրավունքների պաշտպանության ասոցիացիային, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Միասնական սոցիալական ծառայությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում