Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հարցին՝ ինչ իրավիճակ է սահմանին, պատասխանել է, որ եթե կա տեղեկատվություն, որ Ադրբեջանը կրակել է, ապա հետևենք և որպես ելակետ վերցնեք այդ տեղեկատվությանը։
«Ուզում եմ ձեզ վստահ ասել՝ ՊՆ-ն չի կարող ոչ մի բան թաքցնել։ Չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՊՆ-ը լռի, որովհետև դրա մասին կիմանաք»,- ասաց նախարարի տեղակալը։
Իսկ թե ինչու է վերջին շրջանում հակառակորդը Վայոց Ձորի հատվածում ակտիվացել, Արման Սարգսյանն ասաց, որ մեր սահմանը փոխվել է։
«Իհարկե, Վայեց Ձորը սահմանամերձ է եղել, բայց հաշվի առեք, որ մեր ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել։ Չի բացառվում՝ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ կամ հնչել են կրակոցներ»,- հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալը։
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:










