Զելենսկին դիմել է Եվրամիությանը՝ Ուկրաինայի անհապաղ անդամակցության խնդրանքով

ՄՄերի Ներսիսյան

Բելառուսում Ռուսաստանի ու Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են: Ռուսական կողմը Բելառուս է ժամանել երեկ, ուկրաինական պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներ

ով ժամանել է հանդիպման վայր բանակցությունների մեկնարկից երկու ժամ առաջ։ Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։ Կողմերին նախ ողջունել է Բելառուսի արտգործնախարարը, որից հետո հանդիպումը շարունակվել է փակ դռների հետևում:

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյ - Ինչպես պայմանավորվել էինք նախագահ Զելենսկու և Պուտինի հետ, ձեր անվտանգությունն ամբողջությամբ ապահովված է: Նախագահ Լուկաշենկոն հավատում է, որ այսօրվա բանակցությունների արդյունքով հնարավոր կլինի գտնել բոլոր ճգնաժամային հարցերի լուծումները: Այսօրվա հանդիպման հետ կապված կազմակերպչական ցանկացած խնդրանք մենք պատրաստ ենք լսել և կատարել:

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՄ ԿԱԶՄ

Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի հինգերորդ օրը Ուկրաինան ամուր կանգնած է՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը, նաև մանրամասնել, որ Եվրամիությունը զենք կմատակարարի իր երկրին: Զելենսկու խոսքով՝ հակապատերազմական կոալիցիայի աջակցությունն աննախադեպ է: Եվրոպան փակել է երկինքը ռուսական բոլոր ինքնաթիռների համար, համաշխարհային բիզնեսը հրաժարվում է ռուսական ընկերությունների հետ ցանկացած գործարքից՝ նշել է Զելենսկին:

Իր ուղերձում Զելենսկին նաև հայտնել է, որ ստիպված է եղել բարոյական տեսանկյունից շատ բարդ որոշում կայացնել՝ ռազմական դրության պայմաններում իրական մարտական փորձ ունեցող բանտարկյալներն ազատ կարձակվեն և կկարողանան քավել իրենց մեղքը պատերազմի ամենաթեժ կետերում՝ հայտնել է Ուկրաինայի նախագահը:

Իր ելույթում Վոլոդիմիր Զելենսկին նաև կոչ է արել Եվրամիությանը՝ անհապաղ երկրին ընդունել ԵՄ-ի կազմ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի - Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ Ուկրաինային նոր հատուկ ընթացակարգով անհապաղ միություն ընդունելու կոչով: Մենք երախտապարտ ենք գործընկերներին մեր կողքին լինելու համար, բայց մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ և ամենակարևորը՝ հավասար: Դա արդար է, մենք դրան արժանի ենք: Վստահ եմ, որ այս ամենը հնարավոր է:

Վոլոդիմիր Զելենսկու ելույթից հետո Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ երկիրը հատուկ ընթացակարգով դիմում է ԵՄ-ին անդամակցելու համար։ «Ուկրաինացիները վաղուց ապացուցել են, որ մենք բոլորս եվրոպական հանրության անբաժանելի մաս ենք: Ժամանակն է դա թղթով ամրագրել: Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմում է ԵՄ անդամակցության համար»,- գրել է վարչապետը Telegram-ում:

ՌԴ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՌՅԱԿԸ» ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ

Ռուսաստանի «միջուկային տրիադան»՝ ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմի և հեռահար ավիացիայի հրամանատարության հերթապահները, ուժեղացված անձնակազմով մարտական հերթապահություն են սկսել՝ Ռուսաստանի նախագահին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Երեկ Վլադիմիր Պուտինը հրամայել էր Ռուսաստանի բանակի միջուկային զսպող ուժերում անցնել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի։ Պուտինը հայտնել էր, որ նման որոշում է կայացրել՝ ելնելով Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ղեկավարների ագրեսիվ հայտարարություններից և պատժամիջոցներից։

ՆԱՏՕ-Ի ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԻԵՎԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է դաշինքի կողմից Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ջանքերի ավելացման մասին։ Twitter-ում Ստոլտենբերգը գրել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժեղացնում են Ուկրաինային աջակցությունը՝ հակաօդային պաշտպանության հրթիռների, հակատանկային զինատեսակների, ինչպես նաև մարդասիրական ու ֆինանսական օգնության տեսքով:

ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԼԻՆԵՆ. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հնարավոր չէ կանգնեցնել, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անարդյունավետ կլինեն: Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած ֆինանսատնտեսական պատժամիջոցներին։

ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Պատժամիջոցների հայտարարման ֆոնին Ռուսաստանի նախագահը հանդիպում է անցկացրել ՝ քննարկելու դրանց տնտեսական հետևանքներն և ֆինանսական հարցեր: Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի վարչապետը, ֆինանսների նախարարը, ԿԲ և Սբերբանկի ղեկավարները: Ռուսաստանի կառավարությունը շուտով կներկայացնի երկրի տնտեսությանն աջակցելու ծրագիր՝ հայտարարել է Ռուսաստանի վարչապետը: Միխայիլ Միշուստինի խոսքով՝ այն առավելագույնս կմեղմի պատժամիջոցների հետևանքները և՛ տնտեսության, և՛ քաղաքացիների համար: Միշուստինը նշել է, որ այս փուլում կարևոր է օպերատիվ արձագանքել փոփոխություններին, գործել ակտիվ և արդյունավետ, առանց խափանումների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում