ԱԱրսեն Մկրտչյան

Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորում իրականացվող սուբվեցիոն ծրագրերի ընթացքին

Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորում իրականացվող սուբվեցիոն ծրագրերի ընթացքին

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն միջոցներով, Վանաձորում այս տարի իրականացվում է 4 խոշորածավալ ծրագիր: Ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային օրն անցկացրել է շինհրապարակներում: Մարզպետին ուղեկցել են Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ:

 

Վանաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն են.
 
• Վանաձորի Աղայան փողոցի հիմնանորոգում,
• Վանաձորի Տարոն-4 թաղամասից նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն, գնացող փողոցի հիմնանորոգում
• Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում,
• Վանաձորի «Սայաթ-Նովայի» անվան զբոսայգու վերակառուցում:
 

Մարզի ղեկավարը տեղում ծանոթացել է ծրագրերի ընթացքին։ Աղայան փողոցում մայթերի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում. տեղադրվել են բազալտե եզրաքարեր, մայթերը պատվել են խճով, շուտով կասֆալտապատվեն, իսկ փողոցի երթևեկելի մասում դեռևս անելիքներ կան: Եղանակային պայմանները, եթե չխանգարեն, ապա մինչև դեկտեմբեր Աղայան փողոցի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն: Ծրագրի պայմանագրային արժեքը 331 միլիոն դրամ է: Մարզպետը հորդորել է շինարարական կազմակերպությանը մեծ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և ծրագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալով իրականացմանը:

 

Շրջայցը շարունակվել է Վանաձորի «Սայաթ-Նովայի» անվան զբոսայգում: Քաղաքային այգին ամբողջովին վերակառուցում է: Գլխավոր ճեմուղին շուտով կպատվի նոր եզրաքարերով, արդեն խճալցվել է, առաջիկայում կասֆալտապատվի, իսկ այգու որոշ հատվածներ կսալիկապատվեն: Վանաձորցիների սիրելի զբոսայգին գարնանն արդեն նորովի կներկայանա՝ գեղեցիկ լուսավորությամբ, շատրվաններով, շուրջ տարին գործող սառցադաշտով, հիմնանորոգված ճեմուղիներով և գեղեցիկ գլխավոր մուտքով: Բացօթյա ամֆիթատրոնի կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն: Կկառուցվի նաև ժամանակակից հանրային սանհանգույց: Ծրագրի պայմանագրային արժեքն ավելի քան 323 միլիոն դրամ է:
 
«Այս այգում իր մանկությունը, պատանեկությունը, իր կյանքի լավագույն պահերն է անցկացրել յուրաքանչյուր վանաձորցի: Ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք այգու վերակառուցման գործին, որ մեր սիրելի քաղաքային զբոսայգին դրախտավայր դառնա բոլորի համար»,- ասել է Լոռու մարզպետը:
 
Տասնամյակներ շարունակ տնակներում գործող Վանաձորի թիվ 8 մանկապարտեզը հիմնովին քանդվում է, նորակառույց մանկապարտեզի հիմքն այս տարի կկառուցվի, իսկ շենքը կանգուն կլինի արդեն մյուս տարի: Մանկապարտեզը նախատեսված է 150 երեխայի համար, կգործի 6 խումբ: Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 40 միլիոն դրամ է:

 

ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ ասֆալտապատվել է Վանաձոր համայնքի նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն տանող շուրջ 1680 գծամետր ճանապարհը, կառուցվել են ջրահեռացման առուներ: Ճանապարհի հիմնանորոգումը գտնվում է ավարտական փուլում: Ծրագրի պայմանագրային արժեքը 95 միլիոն դրամ է:

 

«Իրականացվող աշխատանքները մեծ կարևորություն ունեն մեր քաղաքի համար, սա հանրային պահանջ էր: Նման աշխատանքների իրականացումը շարունակական բնույթ է կրելու, մենք պետք է կրկնապատկենք մեր ուժն ու միջոցները՝ մեր քաղաքը և մարզը շենացնելու գործում»,- այցն ամփոփել է Արամ Խաչատրյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում