Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովը հաստատել է հարկային արտոնություններին առնչվող օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշումը:
Հանձնաժողովը լրացուցիչ առաջարկել է «Հարկերի մասին» օրենքում նախատեսել դրույթ, համաձայն որի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված հարկերի 50 տոկոսը կուղղվի նրանց կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի փոխառությունների և դրանց սպասարակման համար վճարված տոկոսների փոխհատուցմանը: Վերադարձը կիրականացվի եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ՝ երեք տարի ժամկետով:
Ըստ նախնական հաշվարկի՝ հարկային արտոնություններից կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող՝ 10,7 մլրդ դրամ գումարի չափով, նշված է հաղորդագրությունում:
Նախագծի դրույթները կիրառելի չեն լինի վարկային կազմակերպությունների, բանկերի, օգտակար հանածոների արդյունահանման, էլեկտրաէներգիայի և բնական գազի հաղորդման գործունեություններ իրականացնող անձանց համար:










