ՍՍոնա Աղբալյան

ԱՄՆ-ը նոր նախագահ ունի. Ջո Բայդենի առաջին հրամանագրերը

ԱՄՆ-ը նոր նախագահ ունի. Ջո Բայդենի առաջին հրամանագրերը

Արդեն 4 օր աշխարհն ու համաշխարհային մամուլը քննարկում են ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալությունը: Այն առանձնացավ նախ մասնակիցների թվով՝ աթոռ ուներ ընդամենը 200 մարդ՝ այն էլ պահելով սոցիալական հեռավորությունը: Սենատոր Բեռնի Սանդերսն ավելի շատ էր վախենում համավարակից, և դա մամուլը աչքաթող չարեց: Երկու օր Ամերիկայի ամենահայտնի սոցիալիստը սոցհարթակների գլխավոր հերոսն էր:

Բարաք Օբամայի երդմնակալությանը, օրինակ, երկիրը հյուրընկալել էր մոտ 2 միլիոն մարդու: Ի դեպ, կորոնավիրուսից պաշտպանվել արժեր. արարողության հյուրերի անվտանգությունը հսկող զինվորականներից 200-ը վարակվեց: Առաջին տիկինն ու պաշտոնյա կանայք էլ վարակից խուսափեցին դիմակներով՝ յուրաքանչյուրն իր զգեստի գույնով:

Երդմնակալության արարողությունը, չհաշված կորոնավիրուսային նոթերը, ընթացավ նախանշված օրակարգով. միայն թե նախկին նախագահը ներկա չեղավ: Գնաց Մար ա Լագո՝ Ֆլորիդայի իր կեցավայր, գոլֆ խաղալու: Այդպես ազատվեց Սպիտակ տան հասցեից, բայց ոչ իմպիչմենտի վտանգից: Փետրվարի 8-ին Սենատը կքննարկի նրա պաշտոնազրկման գործընթացն ավարտելու հարցը:

Երդմնակալությանը հաջորդող օրերն էլ սովորական կընթանային, եթե նախորդ նախագահը նման լիներ մինչև այդ հանդիպած նախագահներին, բայց քանի որ այդպես չէր, եկած-չեկած, Բայդենը ստորագրեց 15 որոշում. դրանք բոլորը Թրամփի նախորդ հրամանագրերը չեղյալ համարելու մասին էին: Առաջին հերթին Վաշինգտոնը որոշեց նորից միանալ Փարիզի կլիմայական համաձայնագրին: Համաշխարհային առաջնորդներն ուրախությամբ արձանագրեցին՝ Ամերիկան վերադարձավ: Բայդենն էլ հաստատեց.

Ջո Բայդեն - ԱՄՆ նախագահ - Մենք նորից հասկացանք, ընկալեցինք, որ ժողովրդավարությունն անգին է։ Ժողովրդավարությունը փխրուն է։ Իսկ այս պահին, բարեկամնե՛րս, մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունը գերիշխում է:

Ծաղկող ժողովրդավարության մեկ օրինակ էլ խոստանում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին հավակնող Էնթոնի Բլինքենը: «Որպես ԱՄՆ ղեկավարի թեկնածու, նախագահ Բայդենը խոստացել էր՝ Հիշատակի օրվա իր ելույթում սատարելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Մեր վարչակազմը հանձնառու է առաջնային դարձնելու մարդու իրավունքների հարցը՝ երաշխավորելով, որ նման ողբերգություն այլևս չի կրկրնվի»,- նշել է նա։

Բայդենը քաղաքական որոշումներից բացի նաև տեխնիկակակն փոփոխություններ հասցրեց անել. երդմնակալությունից հետո Սպիտակ տան Օվալաձև սենյակից հանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսանդրին, ինչը համացանցում մեծ քննարկումների առիթ էր դարձել։ Ամիսներ առաջ Չերչիլի արձանները Ամերիկայի մի քանի նահանգներում գետնին էին տապալել՝ հայտարարել՝ նա նույնպես ռասիստական քաղաքականություն է վարել: Բայց դա Լոնդոն-Վաշինգտոն հարաբերություններին չի խանգարի. Բայդենի առաջին արտասահմանյան այցը նախագահի պաշտոնում կլինի Չերչիլի հայրենիք Մեծ Բրիտանիա:
 
Երդմնակալության առաջին օրն ավարտվեց Ջո Բայդենի և առաջին կին փոխնախագահ Քամալա Հարիսի աղոթքով: Երդմնակալությունն իր ասմունքով զարդարած ամերիկացի բանաստեղծուհին էլ խոստովանեց՝ իր երազանքն էլ ծաղկեց ժողովրդավարության նման. նա երազում է դառնալ ԱՄՆ առաջին կին նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում