ԿԿարմեն Ղուկասյան

ԱՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ Բաքուն դիմում է Արցախի բնակչության դեմ ահաբեկման մարտավարությանը

ԱՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ Բաքուն դիմում է Արցախի բնակչության դեմ ահաբեկման մարտավարությանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է․ 

«Խստագույնս և վճռականորեն դատապարտում ենք 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը կասետային արկերից բացի, սկսել են նաև ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք օգտագործել Արցախի Հանրապետության բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ բնակչության մի մասը ժամանակավորապես պատսպարվում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններից:

Պաշտոնական Բաքուն, հակառակ իր հայտարարություններին, թե իբր Ադրբեջանի զինված ուժերի թիրախը միայն ռազմական օբյեկտներն են, իրականում դիմում է Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկման մարտավարությանը: Նախևառաջ՝ այս համատեքստում անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի պահպանման հետևողական մերժումը, քանի որ ռազմական գործողությունները չդադարեցնելը Բաքվի իշխանություններին թույլ է տալիս շարունակել Արցախի խաղաղ բնակչության ահաբեկումը:

Հենց այդ նպատակներով է, որ ադրբեջանական կողմը դիմում է արգելված զենքի օգտագործմանը, խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ բժշկական հաստատությունների վրա կանխամտածված հարձակումների իրագործմանը՝ իր առջև որպես հիմնական խնդիր դնելով Արցախի ամբողջ բնակչության բնաջնջումն ու բռնի տեղահանումը:

Նման պայմաններում՝ որպես ամբողջ ժողովրդի կոլեկտիվ և անհատական ​​իրավունքների զանգվածային ոտնահարումները կանխելու և նրան ֆիզիկական ոչնչացումից պաշտպանելու արդյունավետ միջոց, միջազգային հանրությունը ձևավորել է այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անջատվելու և որպես անկախ պետություն միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը ճանաչելու պրակտիկա:

30 տարի առաջ Արցախի ժողովուրդն ընտրել է անկախության ուղին՝ որպես հայ բնակչության բնաջնջման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունից պաշտպանվելու միջոց:

Համոզված ենք, որ Բաքվի իշխանությունների կողմից իրենց հանցավոր ծրագիրն ավարտին հասցնելու շարունակական փորձերի պայմաններում Արցախի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումը համաշխարհային հանրության արդիական և հասունացած միջոց է` իրականացնելու մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համընդհանուր ընդունված պարտավորությունները»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում