Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենիքը բարձր է գնահատում իր նվիրյալ զավակների անձնուրաց ծառայությունն ու արհեստավարժ աշխատանքը: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ:
Մեր ժողովրդի համար այս օրհասական պահին, երբ Արցախում վճռվում են համայն հայության ճակատագիրն ու ապագան, ծառայության աշխատակիցները շարունակում են բարձր մակարդակով իրականացնել իրենց գործառույթներն ու կատարել հայրենիքի հանդեպ իրենց սրբազան պարտքը: Ցավոք, այս օրերին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս ԱԻՊԾ աշխատակիցներ Հովիկ Աղաջանյանը և Հարութ Աթաջանյանը զոհվել են: Նրանց հիշատակն անմար է ապրողներիս սրտերում։ Կառույցի աշխատակիցների շրջանում կան նաև վիրավորներ. նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում։
Թանկագի՛ն բարեկամներ,
Իմ մեծագույն ցանկությունն ու մաղթանքն է, որ այսուհետ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեր ծառայողական պարտականություններն իրականացնեք միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում:
Խաղաղություն ու բարօրություն ձեզ, ձեր ընտանիքներին և մեր Հայրենիքին»,- ասված է ուղերձում։










