Միայն Յաղդան բնակավայրում խոշոր գյուղատնտես Վռամ Գյուլզադյանը մշակում է ավելի քան 140 հա հողատարածք, արդյունքներից գոհ է: Օգտվում է գյուղատնտեսական ապահովագրությունից, ունի անհրաժեշտ գյուղտեխնիկա, բերքի մթերման խնդիր ևս չկա: Փոխմարզպետը զրուցել է աշխատանքներին մասնակցող գյուղացիների հետ: Օրավարձը կազմում է 4000-5000 դրամ, զբաղվածությունը սեզոնում 2-3 ամիս է: Մարդիկ կան, ովքեր այս գործով զբաղվում են 18-20 տարի:
«Մարզում գյուղատնտեսության ապագան ապահովագրական համակարգի ներդրումն է և նորարարական մոտեցումները: Խոշոր գյուղատնտեսների օրինակը, կարծում եմ, վարակիչ կարող է լինել նաև մյուսների համար: Նմանատիպ այցերի միջոցով հանրությանը հնարավոր է լինում ներկայացնել, որ գյուղատնտեսությունը լուրջ եկամտաբեր բիզնես կարող է դառնալ, եթե նվիրվածություն, աշխատասիրություն և պրոֆեսիոնալ մոտեցում լինի:
Այցելության պահին տարածքում տեղադրվեց և փորձարկվեց 25-րդ հակակարկտային կայանը: Ինչպես նշել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, հաջորդ տարի նախատեսում են տեղադրել ևս 6-7 կայան և, այդպիսով, ամբողջական պաշտպանիչ ցանց ստեղծել՝ լիարժեքորեն ապահովագրելով մշակովի հողատարածքները կարկտահարությունից:
Արևածագ համայնքում ևս գոհ են բերքահավաքի արդյունքներից: Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի վստահեցմամբ, մշակովի հողատարածքները տարեցտարի ավելանում են՝ շնորհիվ թե՛ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի, թե՛ ենթակառուցվածքների բարելավման: Նպաստավոր հանգամանք է եղել նաև այն, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներն այս տարի մնացել ու մաշել են իրենց հողամասերը, առատ բերք ստացել: Բնակիչներից շատերն անգամ տնամերձ հողամասերից են առատ բերք ստանում, ցանում տեղանքին ոչ բնորոշ մշակաբույսեր:










