ՆՆարե Թադևոսյան

2020-ի առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտն աճել է 4.5 տոկոսով

2020-ի առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտն աճել է 4.5 տոկոսով

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2020 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 4.5% աճի տեմպը պայմանավորող գործոններին:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 4.5% աճի տեմպը դիտարկվող ժամանակահատվածի համեմատ պայմանավորված է բուսաբուծության համախառն արտադրանքի 27.9% աճով, քանի որ անասնաբուծության կտրվածքով արձանագրվել է ընդամենը 2% աճ: Անասնաբուծության համախառն արտադրանքի աճը բացառապես պայմանավորված է 2020 թ. առաջին եռամսյակում թռչնամսի արտադրանքի ծավալների 21.6% և ձվի արտադրության 8.3% աճով, քանի որ տավարի, խոզի և ոչխարի արտադրության կտրվածքով անկում է արձանագրվել:

Ինչ վերաբերում է բուսաբուծության աճի տեմպին, ապա վերջինս արտացոլում է նաև «հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալը` բնահողի պատրաստում, ցանք և այլն»: Իհարկե դժվար է ասել, թե բուսաբուծության համախառն արտադրանքի աճի այս տեմպին որքանո՞վ են նպաստել հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալի փոփոխությունը, քանի որ խոսքը գնում է առաջին եռամսյակի մասին, երբ հունվար-փետրվար ամիսները ձմռան ամիսներ են, սակայն կարելի է եզրակացնել, որ դա մեծամասամբ պայմանավորված է բանջարանոցային մշակաբույսերի, հատապտղի և կարտոֆիլի համախառն

արտադրանքի համապատասխանաբար՝ 1.2, 6.5 և 2.8 անգամ աճով:

Այս ցուցանիշներին որոշակիորեն նպաստել է Կառավարության կողմից 2019-ից մեկնարկած «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» և այլ ծրագրերը, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ավելացնել համախառն արտադրանքի ծավալները՝ արտահանելու նպատակով

Հետևաբար, բուսաբուծության աճը պայմանավորված է ջերմոցային տնտեսությունների արտադրանքի ծավալների աճով, որը հիմնականում սպառել են ՌԴ բնակիչները:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի 4.5% աճի տեմպը հիմնականում ձվի և թռչնամսի արտադրանքի ծավալների աճով է պայմանավորված, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների գործունեության ընդլայնմամբ: Հետևաբար, ջերմոցային տնտեսությունների քանակի և վերջիններիս կողմից ստեղծած արդյունքի ծավալների աճը հնարավորություն կտա կրճատել բնակլիմայական աղետների արդյունքում առաջացած վնասները և ապահովել բուսաբուծության կտրվածքով աճ:

Ինչ վերաբերում է անասնաբուծությանը, ապա թռչնաբուծարանների գործունեության ընդլայնումը հնարավորություն կտա չեզոքացնել տավարաբուծության, ոչխարաբուծության և այլնի կտրվածքով արձանագրված արտադրական ծավալների կրճատումը և անասնաբուծության դեպքում ևս աճ կարձանագրվի:

Այս պարագայում գյուղատնտեսության շարժիչը դառնում են ջերմոցային տնտեսությունների և թռչնաբուծարանների գործունեության ընդլայնումը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում