Արցախի նախագահը հրավիրել է գյուղատնտեսության և համայնքային խնդիրներին նվիրված խորհրդակցություն

Արցախի նախագահը հրավիրել է գյուղատնտեսության և համայնքային խնդիրներին նվիրված խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին:

Շրջաններում իրականացվող բերքահավաքի և ոռոգման աշխատանքների, ինչպես նաև տեղերում առկա խնդիրների մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչակազմերի ղեկավարները:

Հանրապետության նախագահին չեն գոհացրել հատկապես հացահատիկային մշակաբույսերից ստացված բերքի ցածր ցուցանիշները, ինչը նա համարել է ոչ թե եղանակային անբարենպաստ պայմանների, այլ մասնավոր և պետական հատվածների կողմից ցուցաբերված ոչ լիարժեք մոտեցումների արդյունք:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարածքային կառավարման արդիականացման և համայնքների համաչափ զարգացման համար անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան բարձրացնել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունը:

Այս համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը վերանայելու և այն Նախագահի 2020-2025 թվականների ծրագրին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև ոռոգման ջրի խնդրին և ընդգծել, որ առաջիկա ժամանակահատվածում պետական միջոցներով նախատեսվում է մեծածավալ աշխատանքներ իրականացնել՝ միաժամանակ ընդլայնելով ոլորտը համակարգող ընկերությունների լիազորությունները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհաշինությանը, սոցիալական տարբեր խմբերի բնակարանային խնդրի լուծմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում