ՆՆարե Թադևոսյան

Տոհմային տավարաբուծական նոր ֆերմա Ջերմուկում

Տոհմային տավարաբուծական նոր ֆերմա Ջերմուկում

ՀՀ էկոնոմիկայի  նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն այցելել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Ջերմուկում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա՝ ծանոթանալու արտադրության գործընթացին և ծրագրերին, տեղեկացնում են  էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարն ու փոխնախարարը շրջել են անասնապահական համալիրի կաթնատու և մսատու կովերի ֆերմաներում, որտեղ պահվում և բուծվում են մաքրացեղ անգուս, ֆլեկվի և հոլշտեյն տոհմային բարձրարժեք գենետիկայով խոշոր եղջերավոր կենդանիներ, ծանոթացել կենդանիների բարեկեցության, խնամքի, կերակրման, վերարտադրության պայմաններին: Շրջայցի ընթացքում  ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ներկայացրել է անասնապահական ֆերմայում  բարձրորակ կաթի արտադրության համար ներդրված միջազգային չափանիշներին  համապատասխան տեխնիկան ու սարքավորումները, կովերի կերակրման և պահման առաջադեմ մեթոդաբանությունը:

Ֆերմայում իրականացվում է մեքենայացված կիթ. կովերի մաքուր, ախտազերծված կաթն անմիջապես խողովակներով հոսում է դեպի փակ սառնարան՝ այդպիսով զերծ մնալով արտաքին միջավայրի հետ շփումից և պահպանելով համային ու հոտային որակական հատկանիշները: Համապատասխան ջերմաստիճանը պահպանելով` հատուկ մեքենայով կաթը տեղափոխվում է «Արցախ» խոհանոց-գործարանի կաթի վերամշակման արտադրամաս, որտեղ անցնում է անհրաժեշտ մշակումները՝ պաստերիզացումից մինչև փաթեթավորում:

Կաթի որակի ապահովման գործում մեծ դեր ունի կենդանիների  կերակրման գործոնը և «Երեմյան Փրոջեքթս»-ում սա ևս հաշվի են առել. հիդրոպոնիկ համակարգով աճեցված  թարմ կանաչ  կերի և առվույտի վիտամիններով ու ֆերմենտներով հարուստ խառնուրդը հատուկ կերախոհանոցում վերամշակում անցնելուց հետո մատակարարվում է կենդանիներին: Ֆերմայում ավտոմատացված է նաև կերի բաժանումն ու կերակրման գործընթացը:

Ֆերմայում կենդանիները ոչ միայն կանոնավոր և առողջ սնվում են, այլև խնամվում են հիգիենայի պահանջներին համապատասխան կանոններով: Իրականացվում է կանոնավոր ախտահանում, կիրառվում են ջրամատակարարման ավտոմատ սարքեր, ավտոմոտ քորիչներ, ֆիլտրեր,  օդափոխության համակարգ, կերակրման ավտոմատացված համակարգեր և այլն։ Կենդանիների ֆիզիոլոգիական իրավիճակի հաշվետվության-հաշվառումը թարմացվում է ամեն օր․ յուրաքանչյուր կենդանի ունի չիպ, որում առկա կյանքին վերաբերող տեղեկատվությունը կառավարվում է հատուկ ներդրված համակարգչային ծրագրի միջոցով:

Շրջայցի ընթացքում Տիգրան Խաչատրյանը ընկերության գլխավոր տնօրենի հետ քննարկել է ընկերության ներդրումային ծրագրերը, ֆերմերային տնտեսությունների նախագծերի զարգացման հեռանկարներն ու ընկերության արտադրական հզորությունների ավելացմանն առնչվող մի շարք հարցեր:

Դավիթ Երեմյանը նշել է, որ 2018-2019 թթ. գյուղատնտեսության ոլորտում  ներդրումների իրականացման շնորհիվ ընկերությունը մեկնարկել է երկու խոշոր նախագիծ՝ գործարկվել են խոզաբուծական և տոհմային տավարաբուծական ֆերմաները, ձեռք են բերվել մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիներ և սկսվել է կաթի և կաթնամթերքի արտադրությունը:

Նախարար Տիգրան Խաչատրյանն, ամփոփելով այցն, ընդգծել է ընկերության գործունեության մի քանի կարևոր  առանձնահատկություն և արել որոշ դիտարկումներ․  «Կարևոր է, որ տնտեսությունը նախատեսում է առաջիկա ամիսների իր գործունեության ընթացքում առաջարկել նաև տոհմային կենդանիներ, ինչը իրական հնարավորություն կդառնա այն տնտեսությունների համար, որոնք․ առավելությունները տեսնելով և գնահատելով, մտադիր են իրենց տնտեսությունները վարել: Իսկ մենք մեր ծրագրերով շարունակում ենք աջակցել նաև տոհմային անասնաբուծությանը, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում վարկավորել արտոնյալ վարկերով` կիրառելով այս տարվա ընթացքում 0 տոկոս տոկոսադրույքը: Կարծում ենք, որ այս բոլոր գործոնների համադրությամբ և այն օրինակներով, որ այս տնտեսությունում առկա են և հասանելի, մենք կկարողանանք մարդկանց ցույց տալ, տեղեկատվությունը հասանելի դարձնել և խրախուսել, որպեսզի այդ եղանակով տնտեսություն վարելն ավելանա ոչ թե մի քանի օրինակով, այլ դառնա համատարած»։

Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, կիսվելով այցի տպավորություններով, նշել է, որ ուրախ է արձանագրել, որ այս տնտեսությունը նաև ակտիվ համագործակցում է պետական օժանդակության ծրագրերով և արդեն իսկ ունի արդյունքներ․ 207 գլուխ տոհմային մաքրացեղ կենդանիներ են ներկրվել տնտեսություն, որից 175 գլուխ ֆլեկվի ցեղատեսակի և 33 գլուխ անգուս ցեղատեսակի։ Փոխնախարարի խոսքով՝ այսօր իրենք համոզվեցին, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆերմայում տեղայնացված է և կիրառվում է միջազգային լավագույն փորձը: Տիգրան Գաբրիելյանը նաև ընդգծել է ընկերության առավելություններից մեկը՝ ֆերմայի կթի սրահում իրականացվող մեքենայացված կիթը, ինչը որակյալ կաթի արտադրության համար հիմնական երաշխիքն է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում