Հունիսի 2-ից Ֆրանսիայի կառավարությունը թույլատրելու է սրճարաններ և ռեստորաններ բացել «կանաչ» (համաճարակաբանորեն առավել ապահով) գոտիներում, հայտարարել է վարչապետ Էդուարդ Ֆիլիպը: Անապահով «նարնջագույն» գոտիներում կբացվեն միայն սննդի սպասարկման բացօթյա օբյեկտները: Կինոթատրոններն ու դիսկոտեկները փակ կլինեն մինչև հունիսի 22-ը:
«Կանաչ» գոտիներում կբացվեն նաև համերգասրահները, թատրոնները, կթույլատրվի երեխաների գրանցումն ամառային ճամբարներում:
Հունիսի 2-ից չեղյալ է հայտարարվելու առանց հատուկ թույլտվության բնակության վայրից ավելի քան 100 կմ հեռանալու արգելքը: Ամբողջ երկրում կբացվեն զբոսայգիները, թանգարաններն ու պատմական վայրերը: Իսկ սահմանները Ֆրանսիան կբացի հունիսի 15-ից հետո:










