Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են որպես հակաճգնաժամային միջոց մշակութային, սպորտային, կրթական օբյեկտների կառուցման, վերակառուցման աշխատանքները:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը նշեց, որ աշխատանքները իրենց հունով են ընթանում, առաջիկա օրերին մրցույթները կհայտարարվեն:
«Առաջին փուլը 8 մոդուլային դպրոցի մրցույթների հայտարարումն է: Պարբերաբար, փուլ առ փուլ մրցույթները կընթանան: Մենք նաև քննարկումներ ենք ունենում շինարարական կազմակերպությունների հետ և երբ մրցույթները կհայտարարենք, կհավաքենք բոլոր շինարարական կազմակերպություններին, դրանց թիվը 30-ից ավել է: Համոզված ենք, որ ծրագիրը հաջողությամբ կընթանա: Դա կտևի 2-2.5 տարի, նաև բացառիկ դեպքերում՝ 3 տարի: Ընդհանուր գնահատմաբ՝ կլինի մինչև 60 միլիարդ դրամի ներդրում և կարծում ենք, որ այս նախագիծը տասնայակ հազարավոր նոր աշխատանքների ստեղծման հիմք կհանդիսանա»,- նշեց Ղուլարյանը:
Վարչապետը հանձնարարեց, որ մինչև սեպտեմբեր մրցույթները հայտարարված լինեն:
Արայիկ Հարությաննն էլ հավելեց, որ ԿԳՄՍ նախարարությունն էլ իր մասով է պատրաստվում մրցույթներ հայտարարել:
«Խնդրում ենք շինարարական ընկերություններին, որ ժամկետների մեջ տեղավորվեն, փաստաթղթերը ներկայացնեն և արդեն պատրաստեն իրենց հիմնական փաթեթները, դրանց ուղեկցող փաստաթղթերը»,- նշեց նախարարը:










