ՆՆարե Ոսկանյան

Մասնագիտական նոր հնարավորություններ Վանաձորի և Գյումրիի երիտասարդների համար

Մասնագիտական նոր հնարավորություններ Վանաձորի և Գյումրիի երիտասարդների համար

Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում տեղաբնակ տաղանդավոր երիտասարդները հնարավորություն կունենան ստանալ հմտություններ ոսկերչության և դիզայնի ոլորտներում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ջանքերով և Bagheshian Jewellery ոսկերչական սրահի ու արտադրամասի հիմնադիր Էֆրին Բաղի աջակցությամբ:

Համագործակցության շրջանակում կկազմակերպվի 3D մոդելավորում (Rhino3D/ RhinoGold ծրագրի) դասընթացը, որի մասնակիցները, ստանալով անհրաժեշտ պրակտիկ հմտություններ, կընդգրկվեն Bagheshian Jewellery-ի համար յուրահատուկ զարդերի մոդելների պատրաստման գործընթացում:

Ծրագիրը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նպատակ ունի կապել նորարարությունն ավանդական ոլորտի՝ ոսկերչության հետ և նպաստել մարզերում աշխատատեղերի ստեղծմանը:

Դասընթացը, որի ընթացքում (նաև առցանց եղանակով) կվերապատրաստվի մինչև 30 ուսանող, կանցկացվի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը: Այնուհետ կմեկնարկի պրակտիկ աշխատանքների կազմակերպման փուլը, որը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը։ 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարևորում է նման նախագծերի միջոցով ոլորտների միջև երկխոսության հաստատման հնարավորությունը:

«Համագործակցության շրջանակում կձևավորվի ոլորտների միջև երկխոսություն, արագ կգնահատվեն կարիքները և սեղմ ժամկետներում մասնագետների կողմից կմշակվեն լուծումներ՝ տնտեսության թիրախային ճյուղերի համար»,- ընդգծել է նա:

Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ սա կհանգեցնի արդյունաբերության ավանդական ճյուղերում «խելացի» նորարարական լուծումների կիրառմանը, որը, տնտեսական ճգնաժամի դեպքում, բիզնեսի շարունակականությունը ապահովելու հնարավորություններ կստեղծի:

«Սա երկու կարևորագույն ոլորտների միջև երկարաժամկետ համագործակցության հնարավորություն է, երբ Հայաստանում ստեղծված նորարարական համաշխարհային կարևորության լուծումներն օգտագործվում են հենց Հայաստանի տնտեսության հզորացման համար»,- ընդգծել է նա:

Գործարար Էֆրին Բաղը կարծում է, որ նման նախաձեռնությունները կնպաստեն նորարարությունն ու արտադրությունը միավորելու գործընթացին:

«Այսօր աշխարհը փոխվում է, և այդ փոփոխություններին զուգահեռ երկու ոլորտների համագործակցությամբ կարող է ծնվել նոր մշակույթ, որում ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանի մարզերի երիտասարդները: Արդյունքում՝ ականատեսը կլինենք մարզերի համաչափ զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը և արտագաղթի կանխմանը»,- նշել է Էֆրին Բաղը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ այս ծրագիրը սկիզբն է նորարարական և ավանդական ոլորտների համագործակցության:

«Ականատեսը կարող ենք դառնալ նորարարական կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների մշակման գործընթացներին՝  գյուղատնտեսության, տեքստիլի և հատկապես տուրիզմի ոլորտների համար, ապահովելով վերջիններիս անխափան գործունեությունը արտակարգ իրավիճակներում»,- նշել է նա:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում