ՌՌոզա Խաչատրյան

Պետք է Քաղավիացիայի կոմիտեի կարգավիճակը փոխվի․ Փաշինյան

Պետք է Քաղավիացիայի կոմիտեի կարգավիճակը փոխվի․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշիյանը խորհրդարանում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց մի քանի տվյալ, թե ինչ է կատարվում Քաղավիացիայի ոլորտում՝ ընթերցելով Հաշվեքննիչ պալատի տեղեկանքից մի հատված։

«01․10․18 թվականի դրությամբ ՀՀ-ում գրանցված 28 օդանավից 18-ը բազավորված են Հայաստանից դուրս, որից 10-ը՝ աֆրիկյան երկրներում։ Աֆրիկյան երկրներում բազավորված ինքնաթիռները հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ։ Ավիացիայի վարչությունը պարբերաբար ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ՄԱԿ-ից ստացել է ԱԽ-ի բանաձևերի կատարման գրություններ։ Ներկայացվել են նաև տեղեկատվություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերը Աֆրիկայում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում»,- ընթերցեց վարչապետն ու մանրամասնեց, որ եվրոպական համապատասխան հանձնաժողովը արձանագրել է, որ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում

Վարչապետը նշեց, որ տեղեկանքում ներկայացված է նաև, թե կոմիտեն ինչու չի կարողանում վերահսկել։

«Որովհետև Հայաստանում գրանցված, Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ կոմիտեն ունի պարտավորություններ, բայց մեր կարգավորումներով չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու, և դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ»,- նշեց վարչապետը։

Վարչապետը նաև մի դրվագ ներկայացրեց, որ 2019-ի աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը և դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք է ուղարկել կոմիտե։ Ավիացիայի կոմիտեի պաշտոնյան, որ պարտավոր էր զեկուցել, չի զեկուցել այդ մասին կոմիտեի ղեկավարին, և դրա մասին կոմիտեի ղեկավարն իմացել է երկու ամիս անց՝ Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ։

«Արդյունքում այդ աշխատողն ազատվել է աշխատանքից և մի քանի օր հետո աշխատանքի անցել այն ավիաընկերությունում, որը ստուգվել է, և որտեղ խախտումներն են հայտնաբերվել»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ աշխարհում ավիացիայի համար լիցենզիաներ տրվում են վճարովի հիմունքներով, Քաղավիացիայի կոմիտեն այն իրականացնում է անվճար։ Վարչապետը նշեց, որ հարցի լուծումներից մեկն այն է, որ կոմիտեի կարգավիճակը փոխվի այնպես, որ ինքը ինչ-որ առումով ինքնածախսածածկվող կազմակերպություն լինի, ինչպես, օրինակ, Կադաստրն է։ Այն պետք է ունենա ֆինանսներ՝ պատշաճ  մասնագետներ ներգրավելու և իր լիազորությունները կատարելու լծակներ ստանալու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում