ՌՌոզա Խաչատրյան

7-րդ միջոցառման սկիզբը վաղը կհայտարարենք․ Մհեր Գրիգորյան

7-րդ միջոցառման սկիզբը վաղը կհայտարարենք․ Մհեր Գրիգորյան

Հակաճգնաժամային 10 միջոցառումներից 6-ը լիարժեք ուժի մեջ են՝ Կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ներկայացրեց այդ 6 միջոցառումների ընթացքը։

«Միջոցառումներով հասանելի գումարների չափը երեկվա դրությամբ կազմել էր 3 միլիարդ 670 միլիոն դրամ։ Մենք համարում ենք, որ սա վատ արդյունք չէ։ Սա երկու օրվա արդյունք է։ Այսօր ևս 1 միջոցառում հաստատվեց, որը վերաբերում է միկրոբիզնեսին, այսինքն՝ ձեռնարկատերերին, որոնք գրանցված չեն որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ։ Մենք շտեմարանների ինտենսիվ մշակման փուլում ենք և ճշգրտման աշխատանքներ ենք իրականացնում 7-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումների մասով։ Վստահ եմ, որ 7-րդ միջոցառման սկիզբը վաղը կհայտարարենք։ Մյուս միջոցառումների՝ 8-րդ, 9-րդ և 10-րդ միջոցառումների փաստացի իրականացման գործընթացը նախատեսել ենք իրականացնել երկուշաբթի օրվանից»,- նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ հավելեց, որ արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ ծրագրերի ֆինանսավորումը։ Մինչև 14 տարեկան երեխա ունեցող քաղաքացիները, որոնք ազատվել էին աշխատանքից մարտի 13-25-ը ընկած ժամանակահատվածում և նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված այն անձինք, որոնք երեխաներ չունեն, արդեն ստանում են նախատեսված գումարները։

«Վաղը արդեն կսկսի նաև 7-րդ ծրագրի ֆինանսավորումը, որը վերաբերում էր հղի կանանց, որոնց ամուսինները ազատվել էին աշխատանքից, կամ  իրենք չէին աշխատում և կամ միայնակ են։ Խոշոր ծրագրերի շահառուների ցանկը անընդհատ լրացվում է, բայց մեզ համար կարևոր է մեկնարկը։ Վաղը արդեն 7-րդ ծրագրի մեկնարկով մարդիկ կկարողանան մոտենալ բանկ ու ստանալ աջակցությունը։ Մենք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ, բայց դրանք մենք պետք է համադրենք և հասկանանք՝ ովքեր են ծրագրի շահառուները։ Ուստի շուրջ 3750 հղի կին վաղը աջակցությունը կստանա»,- նշեց Զարուհի Բաթոյանը և հավելեց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերը՝ ի տարբերություն մյուս ծրագրերի, իրականացվելու են դիմումի հիման վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում