ՌՌոզա Խաչատրյան

Ինչպիսին է հայ խաղաղապահների առողջական վիճակը. ներկայացնում են զորախմբերի հրամանատարները

Ինչպիսին է հայ խաղաղապահների առողջական վիճակը. ներկայացնում են զորախմբերի հրամանատարները

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց, որ զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային խիստ միջոցառումները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների առողջական վիճակը կայուն է, նրանցից չորսն անգամ որևէ ախտանշան չունեն, իսկ մեկ զինծառայողի մոտ թույլ արտահայտված ջերմություն է: Նոր նմուշառումներ էլ չկան:

Ստեփանյանը նաև նշեց, որ շատ հարցեր է ստանում, թե ինչպիսին է խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր հայրենակիցների առողջական վիճակը, ինչ միջոցառումներ են իրականացվում վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ: Դա անձամբ նրանցից ճշտելու համար Շուշան Ստեփանյանը խաղաղապահ բրիգադի հրամանատար գնդապետ Արտակ Տոնոյանի հետ  ուղիղ տեսակապով զրուցել է խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր հայրենակիցների հետ:

Տեսակապի միջոցով առաջինը զրուցել են Աֆղանստանում առաքելություն իրականացնող մեր զորախմբի հետ: Զորախմբի հրամանատարի խոսքով՝ մեր զորախմբի անդամների առողջական վիճակը շատ լավ է, ծառայությունն ընթանում է բնականոն հունով: Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում կրճատել են խաղաղ բնակչության մուտքը ռազմաբազա, հետևում են հիգիենային, ախտահանում ձեռքերը:

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր հայրենակիցները նույնպես  իրենց լավ են զգում, բոլորն առողջ են, հետևում են հիգիենայի կանոններին:

ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր» առաքելությանը իտալական զորախմբի կազմում մասնակցող 32-հոգանոց մեր զորախմբում էլ ամեն բան կարգին է, բոլորն առողջ են, անձնակազմն ապահովված է հիգիենայի պահպանման անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի անդամների առողջական վիճակը նույնպես լավ է, վարակից խուսափելու համար բոլոր անհրաժեշտ միջոցներն արդեն ձեռնարկվել են, հիվանդներ չկան, ականազերծման աշխատանքներն էլ չեն դադարեցրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում