ՎՎարդան Հովսեփյան

Սումգայիթի ողբերգությունից տուժած հայերը մարդատյացության և հայատյացության ուղղակի զոհն էին. Արմեն Սարգսյան

Սումգայիթի ողբերգությունից տուժած հայերը մարդատյացության և հայատյացության ուղղակի զոհն էին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: 

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում կատարված ողբերգական դեպքերի 32-րդ տարելիցն է: 1988 թ. փետրվարի այս օրերին Սումգայիթում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ տեղական զինված ավազակախմբերը սկսեցին հայ բնակչության դեմ զանգվածային բռնությունները՝ իսկական ջարդեր, որոնք ուղեկցվում էին կտտանքներով, բռնաբարությամբ և հայերի ունեցվածքի թալանով ու հրկիզմամբ: Պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հանցագործության արդյունքում սպանվեցին բազմաթիվ հայազգի բնակիչներ, շատերն էլ վիրավորվեցին, բռնությունների ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին:

Սումգայիթում, իսկ հետագայում՝ Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում հայերի նկատմամբ իրականացված բռնություններն ու դաժանություններն իրենց բնույթով հիշեցրին 1915 թ. Հայոց ցեղասպանության մղձավանջային օրերը: Դրանք հետևանք էին տասնամյակներով Ադրբեջանում խրախուսվող այլատյացության ու հատկապես հայատյացության, որոնք այսօր ավելի են խորացել և ստացել պետական համակարգված քաղաքականության բնույթ:

Հիշելով ավելի քան 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերը և ոգեկոչելով զոհ գնացած մեր հայրենակիցներին, Հայաստանում և Արցախում փետրվարի 28-ը հռչակելով Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ մենք նաև ուղերձ ենք հղում մարդկությանը՝ քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով:

Յուրաքանչյուր չպատժված դեպք, յուրաքանչյուր կեղծվող փաստ, ատելության հողի վրա ընդհատված յուրաքանչյուր կյանք նշանակում է նոր ողբերգության հնարավորություն և հավանականություն, նշանակում է աջակցություն այլատյացություն հրահրողներին, քարոզողներին և այն որպես զենք օգտագործողներին, նշանակում է ատելության չընդհատվող ալիք տարածաշրջանում, նշանակում է անխոչընդոտ ճանապարհ դեպի էթնիկ զտումներ, դեպի մարդկության դեմ ուղղված ավելի ծանր հանցագործություն՝ ցեղասպանություն:

Սումգայիթի ողբերգությունը և դրանից տուժած հայերը մարդատյացության և հայատյացության ուղղակի զոհն էին: «Դարչնագույն ժանտախտի» ճանապարհն այսօր էլ բաց պահելը անարգանք է բոլոր ժամանակներում ֆաշիզմին և այլատյացությանը զոհ գնացած բոլոր մարդկանց հիշատակի հանդեպ:

Խոնարհվում եմ Սումգայիթում և Բաքվում ադրբեջանական բռնություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի առջև:

Հանգստություն նրանց հոգիներին»: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում