ԱԱննա Ավետիսյան

Բացվել է հերթական գաստրոբակը՝ նոր մշակութային տարրերով

Բացվել է հերթական գաստրոբակը՝ նոր մշակութային տարրերով

Աշտարակում տեղի է ունեցել «Քամանչայի թանգարան և գաստրոբակի» ներկայացումը ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այն յուրատեսակ վայր է, որը զբոսաշրջիկներին ու այցելուներին առաջարկում է մշակութային և գաստրոնոմիկ նոր փորձառություն:

Այստեղ հյուրերը հնարավորություն ունեն տեսնել քամանչաների հավաքածու՝ բակի ներսում գտնվող թանգարանում, մասնակցել քամանչայի պատրաստման և ուսուցման վարպետաց դասերի, վայելել հայկական երաժշտություն և համեղ սնունդ:

Գաստրոբակերի ձևաչափը մշակվել և իրականացվում է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և ծրագրի համակարգող Արման Վալեսյանը ներկաներին ներկայացրել են նախագծի մանրամասները։ Գաստրոբակերը յուրօրինակ կոնցեպտով ձևավորված ենթակառուցվածք են։ Նրանք հնարավորություն են ընձեռում մարզաբնակ համայնքներին հյուրընկալել զբոսաշրջիկների և հյուրերի՝ առաջարկելով նրանց ազգային ավանդական ճաշատեսակներ, ըմպելիքներ և մշակութային փորձառություն: Ծրագրի շրջանակում կբացվի 35 գաստրոբակ:

Սուսաննա Սաֆարյանը հույս է հայտնել, որ գաստրոբակերի կոնցեպտը գրավիչ կլինի մարզաբնակ ձեռներեցների համար, որոնք իրենց իսկ տրամադրության տակ գտնվող հյուրընկալ գյուղական բնակավայրերը կդարձնեն զբոսաշրջության նոր ու հետաքրքիր հանգույցներ։

Միջոցառմանը հաջորդել է քննարկում կոմիտեի գործընկեր միջագային գործընկների հետ․ ներկայացվել են Զբոսաշրջության կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերը, թիրախներն ու անելիքները, ինչպես նաև համագործակցությունը դոնոր կազմակերպությունների հետ։

Գաստրոբակը Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագրի նախաձեռնությունն է:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության հետ համատեղ: 16 նոր գաստրոբակերի բացմանն աջակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում