ԳԳոհար Սիմոնյան

Թրամփն ու իր ողջ թիմը մի Սոլեյմանի չարժեն. ԻՀՊԿ ղեկավար Հոսեյն Սալամի

Թրամփն ու իր ողջ թիմը մի Սոլեյմանի չարժեն. ԻՀՊԿ ղեկավար Հոսեյն Սալամի

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին լիբանանյան AL Mayadeen  հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը բավարար ռազմական ներուժ ունի նույնիսկ այս պահին Իսրայելին ոչնչացնելու համար, բայց «դրա ժամանակը դեռ վրա չի հասել»:

Հարցազրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կառույցի հնչեցրած այն խոստմանը, թե վրեժխնդիր են լինելու ամերիկացիներից՝ ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար Քասեմ Սոլեյմանիի սպանության համար: Սալամին նշել է, որ Սոլեյմանին սպանվել է Իրաք կատարած պաշտոնական այցի ընթացքում, հետևաբար, ԱՄՆ-ի զինված ուժերի գործողություններն ու իրաքյան իշխանությունների անփութությունը «հանցավոր բնույթ ունեին»:

Գեներալը շեշտել է, որ ԻՀՊԿ-ն պատրաստ է ցանկացած պահի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանների վրա: Միևնույն ժամանակ, պատասխանելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանից դուրս հնարավոր գործողությունների մասին հարցին, նա ընդգծել է, որ իր համոզմամբ՝ «ԱՄՆ-ում Սոլեյմանիին հավասար թիրախ չկա. Թրամփն ու իր ամբողջ թիմը շատ ավելի քիչ արժեն»:

ԻՀՊԿ ղեկավարը մի անգամ ևս հաստատել է, որ Իրանի նպատակները նույնն են՝ բռնազավթիչ Իսրայելի ոչնչացումն ու Մերձավոր Արևելքից ամերիկացիների վտարումը: Նրա խոսքով՝ լիբանանյան «Հեզբոլլահն» այժմ շատ ավելի ուժեղ և փորձառու է, քան 2006-ին, և եթե Իսրայելի հետ սկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ, այդ կառույցը շատ հանգիստ կարող է միայն սեփական ուժերին ապավինել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում