ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանն ու Հորդանանն ունեն չիրացված տնտեսական ներուժ. ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հայաստանն ու Հորդանանն ունեն չիրացված տնտեսական ներուժ. ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան թագավորության արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Հայաստանում է` նախապատրաստելու Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի սպասվող այցը Հայաստան, ինչպես նաև քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակը:

Նախարար Տիգրան Խաչատրյանն իր ողջույնի խոսքում ասել է.

«Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ Հայաստանում, քննարկել տնտեսական հարաբերությունների օրակարգը: Մեր երկու երկրներն ունեն մեծածավալ չիրացված տնտեսական ներուժ, որի իրացման հնարավորություններն այսօր մեր երկխոսության օրակարգում են»: 

Նախարար Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցած փոփոխությունները և ընդգծել, որ մեր երկրում տնտեսական կյանքի բոլոր մասնակիցներն ունեն հավասար հնարավորություններ:

Հորդանանի արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարն ասել է.

«Շնորհակալություն իմ և ուղեկցող պատվիրակության անունից` մեր սրտին մոտ, մեզ բարեկամ երկրում նման հյուրընկալության արժանացնելու համար. սա բխում է երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններից: Այնուամենայնիվ, այդպիսի հարաբերությունների պայմաններում տնտեսական փոխգործակցությունը շատ համեստ է»։

Նախարար Խաչատրյանն առաջարկել է քննարկել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը որպես երկու երկրներում դինամիկ զարգացող ուղղություն: Քննարվել է նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը` հիմնված երկկողմ հետաքրքրությունների վրա:

Տիգրան Խաչատրյանը տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը պայմանավորել է նաև մասնավոր հատվածում հաստատված կապերով: Նա նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունում գործող Ներդրումների աջակցման կենտրոնը պատվիրակությանը կօժանդակի մասնավոր հատվածի հետ քննարկումներ ունենալու և կապեր հաստատելու գործում:

Հորդանանի նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացման ներուժին` ընգծելով, որ այս առումով երկու երկրների տնտեսությունները ևս ունեն ընդհանրություններ, ուստի նաև՝ համագործակցության հնարավորություններ:

Ընդլայնված կազմով քննարկման ընթացքում տեղի է ունեցել առավել մանրամասն ոլորտային քննարկում:

Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արամ Վարդանյանը հյուրերին շնորհանդեսով ներկայացրել է Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ներդրումների համար գրավիչ ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել զբոսաշրջային ներուժին և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քայլերին:

Հորդանանի ներդրումների հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ֆարիդոն Հարթոքան համանման շնորհանդես է ներկայացրել երկրի մակրոտնտեսական վիճակի, տնտեսական հնարավորությունների և ներդրումային առաջարկների վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարություններում ձևավորելու աշխատանքային խմբեր, որոնք հետամուտ կլինեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում