Իտալիայի Վենետիկ քաղաքում նոյեմբերի 23-24-ն անցկացվել է հայագիտական կենտրոնների 3-րդ խորհրդաժողովը՝ «Հայագիտական կամուրջներ․ համագործակցություն և կայուն զարգացում» խորագրով։ Քննարկվել են հայագիտական կենտրոնների գործունեության համակարգման, միջազգային ակադեմիական համագործակցության ընդլայնման և հայագիտության կայուն զարգացման հեռանկարները։
Խորհրդաժողովն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության, Կա’ Ֆոսկարի համալսարանի և Մխիթարյան միաբանության համագործակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍՆ պատվիրակության անդամներ, ՀՀ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև արտերկրի համալսարաններում գործող 9 հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։
Բացումը տեղի է ունեցել Կա’ Ֆոսկարի համալսարանում․ ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Հայր Համազասպ Քեշիշյանը։
Խորհրդաժողովի նպատակն էր ամրապնդել հայագիտական կենտրոնների միջև մասնագիտական կապերը, խթանել փորձի փոխանակումը, նախանշել համագործակցության նոր ուղղություններ և ձևավորել հայագիտության զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններ։
Խորհրդաժողովի մանրամասները՝ այստեղ։










