ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն այսօր ընդունել է Վրաստանի ԱՆ Կատարման ազգային բյուրոյի նախագահ Լաշա Մոձղվրիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։
Հանդիպման սկզբում Սիրո Ամիրխանյանը ողջունել է վրաց գործընկերոջ այցը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ ընդգծելով երկու երկրների հարկադիր կատարման ոլորտի իրավասու մարմինների միջև ձևավորված համագործակցության կարևորությունը և դրա շարունակական զարգացման անհրաժեշտությունը։
Լաշա Մոձղվրիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել հայ գործընկերների հետ փորձի փոխանակման օգտակարությունը և մասնագիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների հարկադիր կատարման համակարգերի գործունեությանն առնչվող հարցերին, ոլորտում իրականացվող բարեփոխումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության հեռանկարներին։
Առանձնակի կարևորվել է Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում երկու երկրների գործընկեր կառույցների միջև համագործակցության ծրագրի ստորագրումը։ Փաստաթուղթը նպատակ ունի երկկողմ համագործակցությունը տեղափոխել առավել համակարգված, ինստիտուցիոնալ և կառուցողական հիմքերի վրա՝ ապահովելով փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման, համատեղ նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորություններ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերային հարաբերությունները և նպաստելու երկու երկրների հարկադիր կատարման համակարգերի միջև արդյունավետ համագործակցության խորացմանը։










