ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մասնակցել է Եվրոպական ուսանողական միության խորհրդի 92-րդ նիստի բացմանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նոյեմբերի 23–27-ն անցկացվող համաժողովը համախմբել է 42 երկրի 43 ազգային ուսանողական միությունների ներկայացուցիչների։
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և Եվրոպական ուսանողական միության նախագահ Դաչիանա Պոպը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ուսանողների ներգրավվածությունը բարձրագույն կրթության զարգացման և որոշումների կայացման գործընթացներում՝ ընդգծելով, որ նրանց մասնակցությունը պետք է լինի ոչ միայն օրենսդրորեն ամրագրված, այլև գործնականում արդյունավետ և նպատակային։
«Ուսանողների իրական ներգրավվածությունն ապահովելու համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք ուսանողական միությունների հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքն ուսանողական միությունների ստեղծման, ուսանողների շահերի հավաքական ներկայացման նոր հնարավորություններ է ընձեռում։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հետ համագործակցությունը՝ հիշեցնելով, որ Հայաստանը դրան միացել է 2005 թվականին, և արդեն շուրջ երկու տասնամյակ ԵՄ հետ համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի քաղաքականության ռազմավարական ուղղություններից է։
Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է որակավորումների, ավարտական փաստաթղթերի և ակադեմիական կրեդիտների ճանաչման, ուսանողների շարժունության և միջազգային ծրագրերում նրանց մասնակցության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները։ Ըստ նրա՝ Հայաստանում իրականացվող «Էրազմուս+» ծրագրերի մեծ մասը ներառում է շարժունության բաղադրիչ։ «Միաժամանակ, անհրաժեշտ է ապահովել ուսանողների՝ արտերկրում ձեռք բերած կրեդիտների անխոչընդոտ ճանաչումը և ուսումնառության սահուն շարունակությունն իրենց բուհերում։ Գործնականում ուսանողները դեռևս խոչընդոտների են բախվում, որոնց հաղթահարման համար կարևոր են շարունակական երկխոսությունը, ուսանողների հետադարձ կապը և ներքին ընթացակարգերի բարելավումը»,- նշել է նախարարը և հավելել, որ բարձրագույն կրթության միջազգայնացումն ամրագրված է պետական ռազմավարությամբ։
Նա ընդգծել է, որ ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսվում է առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը, և ներկայում իրագործվող «Ակադեմիական քաղաք» ծրագիրը միտված է միասնական համալսարանական և գիտահետազոտական միջավայրի ստեղծմանը, որտեղ ապահովված կլինեն ուսանողական լիարժեք կյանքի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ հանրակացարանները։
Նախարարի խոսքով՝ նոր միջավայրի ստեղծումը, կրթական ծրագրերի բովանդակային բարեփոխումները, հավատարմագրման և լիցենզավորման նոր ընթացակարգերի ներդրումը կնպաստեն Հայաստանի բարձրագույն կրթության միջազգային համադրելիության և գրավչության բարձրացմանը։ Նա միջազգային ուսանողներին հրավիրել է գալ Հայաստան և դառնալ բարձրագույն կրթության համակարգի մի մասը։
Անդրադառնալով ուսանողների իրավունքներին և բարձրագույն կրթության մատչելիությանը՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է ներդնել կրթաթոշակների տրամադրման նոր մեխանիզմներ՝ ֆինանսական դժվարություններ ունեցող ուսանողներին անվճար ուսումնառության հնարավորություն ընձեռելու նպատակով։
«Բարձրագույն կրթությունը շարունակում է մնալ հասարակության մեջ աղքատության մակարդակի նվազեցման հիմնական գործոններից մեկը։ Մեզ համար չափազանց կարևոր է բարձրագույն կրթության հասանելիության առավելագույն ընդլայնումը»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ առաջիկա տարիների առաջնահերթություններից է սոցիալական տարբեր խմբերի ուսանողների կարիքներին համապատասխան կրթաթոշակային համակարգերի և սոցիալական աջակցության նոր մեխանիզմների ներդրումը։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության արդի մարտահրավերներին, ֆորմալ կրթության ճգնաժամին և արհեստական բանականության ազդեցությամբ կրթական միջավայրի վերափոխմանը՝ կարևորելով ուսանողների տեսակետներն ու առաջարկությունները։
Եվրոպական ուսանողական միության նախագահ Դաչիանա Պոպը կարևորել է ուսանողների, կրթական հաստատությունների և որոշում կայացնողների համագործակցությունը՝ բարձրագույն կրթության արդյունավետ քաղաքականության ձևավորման գործում։
«Մեր նպատակն է ապահովել, որ Եվրոպայում ուսանողների մասնակցությունը շարունակի լինել բովանդակային և ազդեցիկ, իսկ նրանց ձայնը՝ լսելի։ Ես խորապես հավատում եմ ուսանողական շարժման ուժին և վստահ եմ, որ այն ապագայում ևս կշարունակի փոփոխություններ բերել»,- նշել է Դաչիանա Պոպը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ հյուրընկալության համար։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ողջունելով միջոցառման անցկացումը ՀԱՊՀ-ում, կարևորել է ուսանողների իրավունքների պաշտպանությունն ու նրանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին՝ անդրադառնալով նաև ուսանողական շարժման մեջ իր գործունեության փորձին։
«Որպես ուսանողական խորհրդի նախկին նախագահ, իսկ այժմ՝ համալսարանի ռեկտոր՝ խորապես համոզված եմ, որ ուսանողները ոչ միայն կրթական գործընթացի մասնակիցներ են, այլև առանցքային դերակատարներ մեր համալսարանների ապագայի կերտման գործում»,- ասել է նա։
Համաժողովի օրակարգի առանցքում են բարձրագույն կրթության որակը, ուսանողների իրավունքներն ու մասնակցությունը որոշումների կայացմանը, կրթության ապագան և եվրոպական ուսանողական շարժման ռազմավարական առաջնահերթությունները։
Միջոցառումն անցկացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հյուրընկալությամբ՝ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ։










