Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ, Բանկ) ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերում ԵՆԱԲ-ի հնարավոր ներգրավվածությունը։ Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։
Ողջունելով Հայաստանի անդամակցությունը ԵՆԱԲ-ին՝ կողմերը կարևորել են դրա ռազմավարական նշանակությունը՝ որպես ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրերի իրականացման, ֆինանսական ռեսուրսների ներգրավման, ինչպես նաև առաջադեմ փորձի և նորարարական լուծումների փոխանակման լրացուցիչ հնարավորության։ Քննարկումների առանցքում է եղել տարածաշրջանային կապակցվածության զարգացումը, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում։ Ընդգծվել է տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ու կլիմայական դիմակայության զարգացման և փոխկապակցվածության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման և երկարաժամկետ կայունության նախապայման։
Որպես համագործակցության հնարավոր առաջնահերթ ուղղություն ներկայացվել են Երևանի մետրոպոլիտենի ընդլայնման ծրագրերը, մասնավորապես՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը և մետրոպոլիտենի արդիականացումը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են Հայաստանի Հանրապետության և ԵՆԱԲ-ի միջև երկարաժամկետ ու արդյունավետ գործընկերություն ձևավորելու պատրաստակամությունը՝ ընդգծելով անմիջական աշխատանքային կապերի և կանոնավոր երկխոսության կարևորությունը։










