Վլադիմիր Պուտինը վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման և բնապահպանական անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ է անցկացրել։ Հանդիպման բաց հատվածում Կրեմլի ղեկավարը հայտարարել է՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին՝ ռուսական ընկերությունները համաշխարհային էներգետիկ շուկաներում առաջատար դիրքեր են զբաղեցնում։ Նրա խոսքով՝ ներքին շուկայում գլխավոր խնդիրը մատակարարումների կայունության ապահովումն է։
Պուտինը նշել է, որ մի շարք պրոֆիլային գործընկերների հետ պայմանավորվել են ավելացնել վառելիքի արտադրությունը, կուտակել պաշարներ և վերակառուցել լոգիստիկ շղթաները։
«Հիշեցնեմ նաև, որ սահմանափակված է բենզինի և ավիակերոսինի, ինչպես նաև դիզվառելիքի արտահանումը՝ բացառությամբ համաշխարհային շուկաներ դրանց մասնակի մատակարարումների, ինչի շուրջ պայմանավորվել էինք ԱՄՆ նախագահի հետ: Արդյունքում հաջողվել է պահպանել ներքին շուկայի կայունությունը»,- ասել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, Պուտինն ընդունել է, որ նավթամթերքի շուկայում իրավիճակը բարդ է։ Նա մտահոգություն է հայտնել, որ ուկրաինական ուժերը շարունակում են հարվածել նավթավերամշակման օբյեկտներին։
«Ուստի մեր պատասխան գործողություններն անխուսափելի են»,- նախազգուշացրել է Կրեմլի ղեկավարը:
«Նաև տեսնում ենք ռուսական էներգակիրների արտահանումը Եվրոպա սահմանափակելու շարունակվող փորձերը։ Նման գործողությունները լուրջ հետևանքներ են ունենում, բայց առաջին հերթին՝ հենց եվրոպացիների համար։ Մենք, մեր հերթին, ընդլայնելու ենք իրացման շուկաները, գործակցելու ենք կանխատեսելի և պատասխանատու գործընկերների հետ»,- ասել է նա։
Վերջին ժամերին ուկրաինական կողմը ԱԹՍ-ներով կրկին հարվածել է Կույբիշևի և Սիզրանի նավթավերամշակման գործարաններին։ Սամարայի մարզի՝ «Ռոսնեֆտ»-ին պատկանող նավթավերամշակման գործարաններում հրդեհներ են բռնկվել։ Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի անջատումներ են, հաղորդվում է 1 զոհի մասին:
Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային, թիրախում են եղել Օդեսան, Կիևը, Խարկովը, կան զոհեր և վիրավորներ:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:













