Բաքվի իշխանական Haqqin.az-ը եռօրյա ուշացումով անդրադարձել է TGRT Haber հեռուստաընկերությանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հարցազրույցին, որի ընթացքում վերջինս Իսրայելի կառավարությանը մեղադրել է Սիրիայի հարավում դրուզներին զինելու եւ անջատողականություն սերմանելու մեջ։
Ադրբեջանական լրատվամիջոցի Անկարայի թղթակիցը հարցազրույց է ունեցել Սիրիայի թուրքմենների առաջնորդ Աբդուլքերիմ Աղայի հետ։ Վերջինիս գնահատմամբ՝ Իսրայելը մտադիր է Սիրիայի հարավում ռազմական ներկայություն հաստատել, ինչը կարող է հանդիպել Թուրքիայի հակազդեցությանը եւ հանգեցնել իսրայելա-թուրքական պատերազմի։
Հոկտեմբերի 31-ին Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շեյբանին հայտարարել է, որ Դամասկոսը քննարկում է 2026 թ. օգոստոսին Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված ռազմական պակտին միանալու հնարավորությունը։ Նոյեմբերի 4-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմադ բին Սալմանը ստորագրել են երկկողմ պաշտպանական համագործակցության համաձայնագիր, որը դիտարկվում է որպես լիարժեք դաշինքի նախապատրաստական փուլ։
Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական դաշինքը Իսրայելում գնահատում են որպես տարածաշրջանում հրեական պետությունը բացառող համաձայնություն, իսկ Սիրիայի ուղղակի անդամակցությունը՝ անթույլատրելի։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել, որ ապագայում Հարավային Կովկասում կարող է ձևավորվել «Մեքքայի համաձայնագրին նմանվող առանձին տարածաշրջանային մեխանիզմ, որը Ադրբեջանին թույլ կտա համագործակցել Անկարայի և նրա դաշնակիցների հետ՝ առանց մերձավորարևելյան ռազմական պարտավորություններ ստանձնելու»։
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ 2021 թ. Թուրքիայի հետ ստորագրած «Շուշիի հռչակագիրը» կողմերի միջեւ հարաբերությունները պաշտոնապես բարձրացրել է դաշնակցային մակարդակի։
Տպավորություն է ստեղծվում, որ նա այդպիսով հակադարձել է «Մեքքայի համաձայնագրին նմանվող առանձին տարածաշրջանային մեխանիզմ» ստեղծելու մասին Թուրքիայի արտգործնախարարի առաջարկությանը։ Ադրբեջանն առանց այդ էլ ռազմավարական համագործակցություն ունի Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ։ Փորձագիտական իշխող տեսակետ կա, որ Սիրիայում թուրք-իսրայելական սրացման դեպքում Ադրբեջանը կողմերից որեւէ մեկին ուղղակի աջակցություն չի ցուցաբերի, կփորձի միջնորդություն իրականացնել։
Ավելի վաղ կողմերին համաձայնության բերելու Բաքվի ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։
Haqqin.az-ի հրապարակումը վկայում է, որ պաշտոնական Բաքուն Սիրիայում թուրք-իսրայելական դիմակայությունից լրջորեն անհանգստացած է։
Վահրամ Աթանեսյան









