Բաքուն Թեհրանին մեղադրում է Վրաստանի մուսուլմանների շրջանում «հակաադրբեջանականություն արմատավորելու» մեջ. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Բաքուն Թեհրանին մեղադրում է Վրաստանի մուսուլմանների շրջանում «հակաադրբեջանականություն արմատավորելու» մեջ. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

«Իրանը ադրբեջանցիների դեմ լայնածավալ հարձակում է սկսել»,– գրել է ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն։ Վերջին շրջանում Ադրբեջանի փորձագիտական շրջանակները բազմիցս անդրադարձել են Վրաստանի Քվեմո Քարթլի տեղաշրջանի շիադավան բնակչության շրջանում Իրանի ազդեցության տարածման և դրանից բխող անվտանգային ռիսկերի խնդրին։ Ադրբեջանի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները՝ Բաքու-Ջեյհան նավթատարը, Բաքու-Էրզրում գազամուղը և Բաքու-Կարս երկաթուղին, անցնում են Քվեմո Քարթլիի տարածքով, և ադրբեջանցի մի շարք փորձագետներ կարծում են, որ Իրանը տեղի ադրբեջանցիներին կրոնական արմատականություն է ներշնչում, որպեսզի էներգակիրների արտահանմանը խոչընդոտներ ստեղծի։ Վրաստանում գործող «Յուրդ» ավագների միավորման նախագահ Ֆազիլ Ալիևը բողոքել է, որ Իրանը Քվեմո Քարթլիի կրոնական տարածքն օգտագործում է քաղաքական նպատակներով, իսկ ծիսակատարությունների ժամանակ «հակաադրբեջանական սիմվոլիկա» է օգտագործվում։ Վրաստանի իսլամադավան բնակչության հոգևոր սպասավորները Կովկասի մուսուլմանների հոգևոր վարչության ենթակայությունից դուրս են։ Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ կազմավորվել է «Համայն Վրաստանի մուսուլմանների վարչություն», որն ունի «շուրա/խորհուրդ»։ Վերջինս էլ շիադավանների համար ընտրում է շեյխ, իսկ սուննիների համար՝ մուֆթի։ Քվեմո Քարթլիում Իրանի հոգևոր ազդեցության խնդիրը, ամենայն հավանականությամբ, Բաքու-Թբիլիսի քննարկումների առարկա է։ Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի համար Վրաստանի մուսուլմանական բնակչության «ինքնավարությունը», մեղմ ասած, ցանկալի չէ։ Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը երկրի մուսուլման բնակչության շրջանում ծայրահեղականության և արմատականության տարածման դեմ քայլեր է ձեռնարկում՝ կանխելու «Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների և կրոնական ցանցերի ներթափանցումը»։ Քվեմո Քարթլիի էթնիկ ադրբեջանցի բնակչությունը բազմիցս բողոքել է վրաց-ադրբեջանական սահմանի փակ լինելու դեմ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ հարևան երկրների հետ ցամաքային սահմանի փակումը «անվտանգային նշանակություն ունի»։ Վրաստանի Քվեմո Քարթլի տեղաշրջանի սահմանակից է նաև Հայաստանին, ադրբեջանաբնակ տարածքներով է անցնում S7 միջպետական մայրուղին, ինչպես նաև «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարը։ Այդ հատվածում է գտնվում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան «սահմանային եռանկյունին»։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում