Նոյեմբերի 10-ին Վրաց ուղղափառ եկեղեցու Մրովի-
Ուրբնիսի միտրոպոլիտ Հոբը (Աքիաշվիլի) կիրակնօրյա պատարագի ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը սուր քննադատության է ենթարկել։
Նրա գնահատմամբ՝ իշխանությունները «խաղաղության պահպանման դիմակի տակ ազգային շահերն անտեսում են»։ Միտրոպոլիտ Հոբին միացել է Մառնեուլիի և Խուջաբի եպիսկոպոս Գիորգին։ Նախ նա սոցիալական ցանցերում տարածել է Հոբի հետ համատեղ լուսանկար, ապա բացահայտ քննադատել իշխանություններին։ Նա ասել է, որ Հոբի ելույթն այնքան սուր է, որ «շատերին ստիպել է հանել դիմակները»։ Նա իշխանություններին բացահայտ մեղադրել է «վրացական հողերն օտարերկրացիներին վաճառելու» մեջ։
ՎՈՒԵ-ի երկու բարձրաստիճան հոգևորականների հրապարակային քննադատությանն առայժմ իշխանության բարձր մակարդակով արձագանք չի հետևել։ Խորհրդարանի պատգամավոր Մարիամ Լաշխին միտրոպոլիտ Հոբի մասին ընդամենն ասել է․ «Թող Աստված ների նրան», իսկ նրա գործընկեր Լևան Մաճավարիանին Հոբի հայտարարությունը «անպատասխանատու» է որակել։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության և կառավարության հասցեին միտրոպոլիտ Հոբի և եպիսկոպոս Գիորգիի սուր քննադատությունը համընկել է երկու կարևոր իրադարձության։ Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի վարչապետ Ասադովը Թբիլիսի է այցելել։ Վրաստանի վարչապետի հետ բանակցություններից հետո նրանք հանդիսավոր պայմաններում նորակառույց հյուրանոց են բացել։ Ադրբեջանական ընդդիմության տեղեկություններով՝ այն «պատկանում է Իլհամ Ալիևի ավագ դստերը»։
Նոյեմբերի 2-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսվում է։ Այդ հայտարարությունը վրացական ընդդիմության կողմից սուր քննադատության է արժանացել։ Մի քանի օր հետո Կոբախիձեն հավելյալ մեկնաբանություն է արել և հավաստիացրել, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններում «վրացական տարածքների օկուպացիան բնական խոչընդոտ է», և կառավարությունը «չի կարող այդ դիրքորոշումը փոխել»։
Թեև Վրաստանն ու Ադրբեջանը սերտ գործընկերներ են, վրաց-ադրբեջանական սահմանի մոտ երկու տասնյակ հատվածներ մնում են չսահմանազատված։ Մառնեուլիի եպիսկոպոս Գիորգին հավատացյալներին ասել է, որ կառավարությունը «այս հողերը վաճառում է»։
Մառնեուլին Վրաստանի Քվեմո-Քարթլիի՝ Ադրբեջանի հետ սահմանակից տարածաշրջանի կենտրոնն է, որտեղ էթնիկ ադրբեջանցիները մեծամասնություն են կազմում։ Ըստ երևույթին՝ Վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների «ապստամբությունը» Մոսկվային անհանգստացրել է։ «Независимая газета»-ն խնդրի շուրջ տեսակետ է հայտնել, որ իշխանությունների հետ այդ հակամարտությունը «կարող է էականորեն փոխել քաղաքական իրավիճակը, և դրանից կարող են օգտվել իշխող կուսակցության ընդդիմախոսները»։
Ռուսաստանյան հեղինակավոր պարբերականը նույն տեղում նկատել է, որ Համայն Վրաստանի պատրիարք Շիո Երրորդը «դեռևս կարծիք չի հայտնել»։
Վահրամ Աթանեսյան










