Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան

Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ.  Դավիթ Թադևոսյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը։

Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ, որոնք կարող են վերածվել փոխշահավետ նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի նոյեմբերի 9-10-ը Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կապի և փոստային ծառայությունների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Իրանը բազմադարյա պատմություն ունեցող բարեկամ երկրներ են, որոնց շահերը համընկնում են բազմաթիվ ուղղություններով։ Նա կարևորել է «Դիջիթեք»-ի շրջանակում Հայաստան այցելելու և տեղում երկրի տեխնոլոգիական հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու առիթը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման առաջնահերթություններն ու հեռանկարները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տիեզերական տեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիաների ուղղություններով։

Կողմերն ընդգծել են նաև հայաստանյան և իրանական տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների, ինկուբատորների և աքսելերատորների միջև անմիջական կապերի հաստատման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել է Իրան-Հայաստան առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով համատեղ աշխատանքային խմբի ձևավորման հարցը։

Համագործակցության հնարավոր ուղղությունների շարքում դիտարկվել են նաև հաճախականությունների կառավարումը, տեխնիկական փորձի փոխանակումը, սահմանային գոտիներում ռադիոխանգարումների կարգավորումը, օպտիկամանրաթելային ցանցերի ընդլայնումն ու միջազգային թողունակության ավելացումը, փոստային և լոգիստիկ ծառայությունները, միջսահմանային փոստային փոխանակումների զարգացումը, Հայաստանի տարածքով նոր տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորությունները և էլեկտրոնային առևտրի խթանումը։

Անդրադարձ է կատարվել նաև կենսատեխնոլոգիաների և գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իրան համատեղ համաժողովի և բիզնես ֆորումի կազմակերպման հնարավորությունը։ Այն կարող է հարթակ դառնալ երկու երկրների մասնավոր հատվածի, գիտակրթական հաստատությունների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների միջև անմիջական կապերի հաստատման, համատեղ ծրագրերի բացահայտման, ինչպես նաև տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության հնարավորությունների քննարկման համար։

Հանդիպման ավարտին, քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, կողմերը ստորագրել են երկկողմ հանդիպման արձանագրություն՝ երկու նախարարությունների, ինչպես նաև Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համագործակցության ուղղություններով։ Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կծառայեն առաջիկայում երկու նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագրի կնքման համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում