Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով նաև տեղական շուկայում իրավիճակին, հայտարարեց՝ ո՞վ է ասել, որ եվրոպական, ռուսական կամ արաբական շուկայի համար մեր արտադրողները պետք է արտահանեն լավորակ արտադրանք, իսկ տակը ինչ մնա, բերեն հայկական շուկա։
Նրա խոսքով՝ հայկական շուկան արդեն բավական վճարունակ է։
«Մենք 10 հազար դոլարից ավելի մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ ունենք, եվրոպական մի շարք երկրների ՀՆԱ-ին մոտենում ենք, երկրորդ՝ մեր շուկայում մեր ժողովրդի ճաշակը ու ներկայացրած պահանջները մեր արտադրանքին շատ բարձր են։ Էնպես չի, որ էն, ինչ եվրոպական ու ռուսական շուկայում չի վաճառվում, կարող է հայկական շուկայում վաճառվել։ Մեր ժողովուրդն էլ է այդ պահանջները բարձրացրել ու շուկայում գնում է էն, ինչ լավն է»,- ընդգծեց նախարարը։
Պապոյանը տեղեկացրեց՝ շուտով հետագծելիության ու վերահսկողության այնպիսի մեխանիզմներ են ներդրվելու, որ մենք կարող ենք ասել, թե որ ապրանքները չեն կարող վաճառվել մեր շուկայում։










