Իտալիայում առնվազն 300 դպրոց է տարհանվել չորեքշաբթի՝ ռումբի միանման սպառնալիքներ ստանալուց հետո։ Դա տեղի է ունեցել Եվրոպայում աճող հիբրիդային սպառնալիքների մտահոգությունների ֆոնին, որոնք ուղղված են սուպերմարքեթներին, արյան բանկերին, օդային երթևեկության կառավարման համակարգերին և հեռուստակայաններին։
Իտալիայի կրթության նախարար Ջուզեպպե Վալդիտարան Լա7 հեռուստաալիքին ասել է, որ սպառնալիքները, ամենայն հավանականությամբ, կեղծ են, իսկ նման ահազանգեր ստացած դպրոցների թիվը, ըստ ամենայնի, կաճի: Նրա խոսքով՝ փոստային առաքման մասսայականությունը «վկայում է, թե որքան անվստահելի է սպառնալիքը»։
Հռոմի ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը։
Եվրոպայում ռումբի սպառնալիքների ալիք բարձրացել է անցյալ շաբաթ։ Երկուշաբթիից սպառնալիքներ են հնչել տասնյակ չվերթերի դեմ. որոշ ինքնաթիռներ ստիպված են եղել շեղվել ուղղությունից և վայրէջք կատարել այլ օդանավակայաններում, իսկ մի քանի երկիր կործանիչներ են բարձրացրել օդ՝ նրանց ուղեկցելու համար։









