Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները Հայաստանին զրկել են կազմակերպությունում ձայնի իրավունքից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հարցը բարձրացվել է, և որոշում է կայացվել։ Հաշվի առնելով, որ Հայաստանը մի քանի տարի չի կատարում իր պարտավորությունները, առաջնորդվելով կազմակերպության կանոնադրությամբ՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում իր ներկայացուցիչներին բարձր պաշտոններում նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը։
ՌԴ ԱԳ նախարարն էլ հավելել է, որ «նույնիսկ այդ որոշման ընդունումից հետո հայ գործընկերները փաստացի կպահպանեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրով նախատեսված բոլոր հիմնարար իրավունքները, այդ թվում՝ բուն հավաքական անվտանգության իրավունքը»:
Այսօր Կրեմլում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստը կայացել է սահմանափակ ձևաչափով: ՀԱՊԿ գագաթնաժողովը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:










