Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը: Քննարկումները տևել են շուրջ 2 ժամ: Մոսկվայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ օրակարգային հիմնական հարցը եղել է եվրոպական անվտանգության համակարգը:
Նրա խոսքով՝ որոշ հարցերի շուրջ հաջողվել է փոխհամաձայնության գալ: «Ուկրաինական հակամարտությունը ցույց տվեց, որ Եվրոպայում անվտանգության համակարգը շատ վատ է աշխատում: Մոսկվան ճիշտ է համարում հարցադրումը, թե ինչ տեսք կունենա անվտանգությունը՝ Ուկրաինայում հակամարտության անխուսափելի ավարտից հետո», - մանրամասնել է Մեդինսկին, հավելել՝ աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ, որը կբխի բոլորի շահերից։
Նրա խոսքով՝ եվրոպական կողմը նույնպես Աբու Դաբիում էր և շփումներ է ունեցել Վաշինգտոնի ու Կիևի թիմերի հետ, սակայն Մոսկվայի պատվիրակությունը չի հանդիպել եվրոպացի ներկայացուցիչների հետ և չի հասկանում բանակցություններում նրանց կարգավիճակը:
«Ռուսաստանի համար այդքան էլ պարզ չէ՝ ինչ կարելի է քննարկել Եվրոպայի հետ. նրանց կողմից ոչ մի առաջարկ չի եղել: Երբ նրանց խիղճն արթնանա, հնարավոր է, կարողանան մասնակցել խաղաղ բանակցություններին», - նշել է ՌԴ նախագահի օգնականը:
Մեդինսկին տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքներով որոշել են գերիների փոխանակում իրականացնել: Ավելի վաղ՝ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Աբու Դաբիում կողմերն ի թիվս այլնի քննարկել են ռազմագերիների փոխանակման հարցը՝ «1000-ը՝ 1000-ի դիմաց» կամ «1500-ը՝ 1500-ի դիմաց» բանաձևով։
Մեդինսկին նշել է, որ քննարկումները շարունակվելու են, միևնույն ժամանակ նախազգուշացրել՝ Ռուսաստանն այսպես թե այնպես վերադարձնելու է իր բոլոր հողերը:Սպիտակ տան բանագնաց Ջարեդ Քուշներն էլ հայտնել է, որ առաջիկա ժամերին Սթիվ Ուիթքոֆի հետ կայցելեն Մոսկվա: Նրա խոսքով՝ էական առաջընթաց են գրանցել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ուղղությամբ, սակայն այդ հարցով համաձայնագիր չի կնքվի, քանի դեռ չի լուծվել տարածքների հարցը, որն ամենաբարդն է:
Ամերիկացի բանագնացը հավելել է, որ ամերիկյան կողմը փորձում է բանակցություններին ներգրավել նաև եվրոպացիներին, և ինքն այդ հարցը բարձրացնելու է Պուտինի հետ հանդիպմանը: Այնուհետև Քուշները և Ուիթքոֆը Դուբլինում կհանդիպեն Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Մանրամասները՝ տեսաշարում:











