ԱՄԷ մայրաքաղաքում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ օրը, առաջին փուլը տեղի է ունեցել երեկ, հաղորդում են ԶԼՄ-ները: Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցություններն առաջին անգամ են անցկացվում փետրվարից ի վեր։
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում, տևել է մոտ երկու ժամ, առաջին օրը՝ չորս: Լրատվամիջոցներին թույլ չեն տվել մասնակցել երկրորդ օրվա բանակցություններին։
«ՌԲԿ-Ուկրաինայի» աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունների երկրորդ օրը կողմերը քննարկելու էին հնարավոր հրադադարը, էներգետիկ հարցերը և Սև ծովում անվտանգությունը։
AFP-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների ընթացքում պահանջել է ռազմական գործողությունների դադարեցում: «Միայն դրանից հետո հնարավոր կլինի քննարկել Եվրոպայում ապագա անվտանգության համակարգը»,- գործակալությանը հայտնել է ուկրաինական պատվիրակության աղբյուրը և հավելել, որ այս հարցում կողմերի դիրքորոշումները տարբերվում են։
Միևնույն ժամանակ, AFP-ն, հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ Կիևը ֆինանսավորում է փնտրում, որպեսզի պատերազմի ավարտից հետո առնվազն 10 տարի պահպանի իր 800.000-անոց բանակը։ Ուկրաինայի համար դա անհրաժեշտ է Ռուսաստանի կողմից հնարավոր հետագա ռազմական ագրեսիայից պաշտպանվելու համար։
Մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քուշներն ասել է, որ բանակցող թիմերը Աբու Դաբիում քննարկել են հետպատերազմյան անվտանգությունը։ Նրա խոսքով ՝ զգալի առաջընթաց է գրանցվել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հարցում։ Ընդ որում, ինչպես նշել է ԱՄՆ նախագահի փեսան, հետպատերազմյան անվտանգության մասին համաձայնագիր չի կնքվի այնքան ժամանակ, քանի դեռ տարածքների հարցերի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել:
«Դրանց շուրջ բանակցելն ամենադժվարն է»,- ասել է Քուշներն ու հավելել, որ ԱՄՆ-ն փորձում է եվրոպացիներին ներգրավել բանակցություններում: Նա նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ բանակցային թիմը կմեկնի Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հետագա բանակցության համար:
ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տեղեկությունը, որ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը եղել է գերիների լայնածավալ փոխանակումը: Նրա խոսքով՝ այլ մանրամասներ կողմերը կհայտնեն դրանց վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելուց հետո: «Որոշ հարցերում կա փոխըմբռնում, որոշ հարցերում դրան դեռ չենք հասել»,- ասել է նա: ՌԴ պատվիրակության անդամ, փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հավելել է, որ հետագա բանակցությունների համար հիմքեր են դրվել:
Մեդինսկու խոսքով՝ բանակցությունների մյուս կարևոր թեման եղել է Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության հարցը: Ըստ ռուսական կողմի՝ Աբու Դաբիում ներկա եվրոպական պատվիրակության հետ բանակցություն չի կայացել:










