Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Աբու Դաբիում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած բանակցությունների առաջին օրը Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչները քննարկել են գերիների փոխանակում՝ «1000-ը 1000-ի դիմաց» կամ «1500-ը 1500-ի դիմաց» բանաձևով: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Նա նշել է, որ ամերիկացիները Ռուսաստան կմեկնեն այդ օրակարգով:
«Երկրորդ հարցը վերաբերում էր տարածքներին. այն բարձրացրել է ռուսական կողմը: Դա առաջնորդների մակարդակի հարց է. նման մանդատ ունեն մեր բանակցողները»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նաև նշել է, որ մեծ նշանակություն է ունեցել եվրոպական երկրների ներկայացուցիչների ներկայությունը։ Ինչպես և ՆԱՏՕ-ի պատվիրակները, նրանք Աբու Դաբիում էին, սակայն ուղղալիորեն բանակցություններին չեն մասնակցել:
Ռուսաստանում խեղաթյուրված պատկերացումներ կան մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին, լրագրողներին ասել է Զելենսկին՝ վկայակոչելով բանակցություններում ուկրաինական թիմի զեկույցը։ «Ռուսները կարծում են, որ օկուպացրել են Դոնբասի տարածքի կեսը, որը մենք իրականում վերահսկում ենք։ Ռուսական կողմից ներկա էին զինվորականներ և հետախուզության ներկայացուցիչներ, և նրանք շատ լուրջ էին խոսում այս մասին»,- Զելենսկու խոսքերը հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Պուտինն ապրում է այլ տեղեկություններով։ Նա վստահեցրել է ամերիկացիներին, որ մեկ, երկու, երեք ամսում ամբողջությամբ կօկուպացնեն Արևելյան Ուկրաինան։ «Բայց դա ճիշտ չէ։ Դա չէ իրականությունը»,- ընդգծել է Զելենսկին։
Նա նշել է, որ ամերիկացիները հաստատել են մարտի դաշտում իրավիճակի վերաբերյալ ուկրաինական գնահատականը։ Մասնավորապես, այդ մասին խոսել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ալեքսուս Գրինկևիչը, որը նույնպես ներկա է եղել բանակցություններին:
Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ Աբու Դաբիում ընթացող բանակցությունների երկրորդ օրը կլինեն «ավելի շատ քննարկումներ լարվածության թուլացման քայլերի, էներգետիկայի, Սև ծովի, ռազմագերիների ևս մեկ փոխանակման և, եթե հնարավոր է, առաջնորդների մակարդակով եռակողմ հանդիպման վերաբերյալ»,- ասել է Զելենսկին։










