Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի նիստում ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծեր, ինչպես նաև համաձայնագրեր վավերացնելու մասին նախագծեր:
Խորհրդարանն ընդունեց նաև (63 կողմ, դեմ՝ 32, ձեռնպահ՝ 0) Կառավարության ներկայացրած՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: Ըստ ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի՝ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կգործեն ՀՀ տարածքում, որևէ կերպ չեն խաթարելու տարածքային ամբողջականությունը, գործելու են ամբողջությամբ ՀՀ-ի ինքնիշխանության ներքո և իրավազորության շրջանակում:
Նախագիծն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Ազգային ժողովն ընդունեց նաև (կողմ՝ 90, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 8) «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» նախագիծը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդի կանոնադրությունը ստորագրել է 2026-ի հունվարի 22-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում՝ որպես հիմնադիր անդամ, իսկ խորհրդի ստեղծման գաղափարը քննարկվել էր 2025-ի հոկտեմբերին Եգիպտոսում Մերձավոր Արևելքի գագաթնաժողովի ժամանակ։ Խաղաղության խորհուրդն ունի 28 անդամ։ Խորհրդի կանոնադրության համաձայն՝ անդամակցությունը սահմանվում է 3 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Խաղաղության խորհրդի մանդատը բխում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևից։
Նախագիծն ընդունվեց 90 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայներով:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած նախագիծը, որի նպատակն է բարձրացնել ընտանեկան ու կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը և ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննություն։
Նախագիծը մշակվել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնված ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավի շրջանակում:
Նախագիծն ընդունվեց 62 կողմ, 0 դեմ, 34 ձեռնպահ ձայներով:
Առաջին ընթերցմամբ քննարկված և ընդունված նախագծերից մեկի համաձայն՝ առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից փոխանցել ՀՀ կառավարության ենթակայությանը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանելով Պետական կառավարման ակտիվների կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե։






.jpg)



