Կբարձրանա ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը․ նախագիծ

Կբարձրանա ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը․ նախագիծ

Ազգային ժողովը քննարկում է պատգամավորներ Սոնա Ղազարյանի, Զարուհի Բաթոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, պատգամավոր Զարուհի Բաթոյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը, ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննություն։

Փաթեթի մեծ լինելու պատճառով պատգամավորն անդրադարձավ առավել կարևոր փոփոխություններին։

Նրա խոսքով՝ փաթեթով առաջարկվում է վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոցի տեսակ՝ նկատի ունենալով, որ այն չի ենթադրում գործուն և արդյունավետ պաշտպանության միջոցների իրականացում, սահմանափակումների կիրառում, այլ ենթադրում է պարզապես բռնություն գործադրած անձին ոստիկանության ծառայողի կողմից նախազգուշացնելը։

«Ֆիզիկական բռնության սահմանումը լրացնում ենք նաև աջակցող միջոցներից կամ օժանդակ հարմարանքներից զրկելու դեպքերով։ Առաջարկում ենք անհետաձգելի միջամտության որոշում կայացնել նաև այն դեպքում, երբ բռնությունը անձի նկատմամբ վերջին մեկ տարում գործադրվել է մեկից ավելի անգամ։

Հստակեցնում ենք, որ անհետաձգելի միջամտության որոշման բացակայությունը կամ դրա ուժի մեջ մտնելը չի բացառելու պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը։ Սահմանում ենք, որ ահազանգի հիման վրա լիազորություններն իրականացնելու դեպքում ոստիկանության ծառայողը պարտավոր է օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ։

ՀՀ քրեական օրենսգրքում ընտանիքում և կենցաղային հարաբերություններում կատարվող՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նախատեսել առանձին գլուխներով և դրանց համար սահմանելով ավելի ծանր պատիժ, քան ներկայումս է։

Ընդլայնում ենք ընտանիքի անդամի կողմից ֆիզիկական ներգործության հանցակազմը, ինչպես նաև հոգեկան ներգործության հանցակազմը։

Առաջարկում ենք ընտանեկան և կենցաղային բռնության դեպքում բացառել քրեական պատասխանատվությունից ազատելը՝ գործուն զղջալու հիմքով։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով առաջարկում ենք նախատեսել, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով հանցանքներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝ անկախ դատախազի նախաձեռնությունից։

Առաջարկում ենք սահմանել, որ որպես հատուկ պաշտպանության միջոց՝ պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփվելու սահմանափակման հսկողությունը կարող է կիրառվել՝ ապահովվելով էլեկտրոնային հսկողության միջոցներով։

Սահմանում ենք, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով հանցանքի վերաբերյալ վարույթով տուժողը, որպես կանոն, հարցաքննվում է միայն մեկ անգամ, և տուժողը կարող է հրաժարվել լրացուցիչ հարցաքննությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է առաջին հարցաքննությունից հետո վարույթն իրականացնող մարմնին հայտնի դարձած հանգամանքները պարզաբանելու համար»,- մասնավորապես ասաց պատգամավորը։

Փաթեթով առաջարկվում են նաև մի շարք խմբագրական բնույթի փոփոխություններ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում