ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 23-ին հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիոս Իկոնոմուրի գլխավորած պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Խորհրդարանում ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև պատմական ու բարեկամական ջերմ հարաբերություններին՝ ընդգծելով դրանք առավել խորացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը։ Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կլինեն ռազմավարական գործընկերության մակարդակի։
Անդրադառնալով վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին՝ Սարգիս Խանդանյանը վստահություն է հայտնել, որ այդ ցուցանիշն էլ ավելի կբարելավվի՝ հաշվի առնելով Հայաստանից մի շարք ապրանքներ առանց մաքսատուրքի արտահանելու՝ Եվրամիության ընձեռած հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, պատգամավորի համոզմամբ, տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ։
Միջխորհրդարանական կապերի զարգացման գործում կողմերն առանցքային են համարել բարեկամական խմբերի սերտ գործակցությունն ու փոխայցերի ակտիվացումը։
Հյուրերի խնդրանքով Սարգիս Խանդանյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցությանը։
Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանն ուղղված քայլերը։ Նա ընդգծել է, որ Հունաստանն աջակցում է ԵՄ-ին մերձենալու Հայաստանի ձգտումներին։









