Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Էնդրյու Փազդերը զգուշացրել է, որ եվրոպական ընկերությունները կբախվեն Վաշինգտոնի «ավերիչ» պատասխան միջոցառումներին, եթե Բրյուսելը շարունակի խթանել ծրագրերը, որոնք սահմանափակում են ամերիկյան մրցակիցների, այդ թվում՝ Իլոն Մասկի SpaceX-ի, մուտքը եվրոպական շուկայի որոշակի հատվածներ, հաղորդել է բրիտանական The Financial Times (FT) թերթը։
Փազդերի զգուշացումը հնչել է, երբ Եվրահանձնաժողովն այս տարի առաջարկել է հաճախականության տիրույթի մի մասը, որը թույլ է տալիս սմարթֆոններին ուղղակիորեն միանալ արբանյակներին, վերապահել եվրոպական ընկերություններին: Դա կսահմանափակի առկա հաճախականությունները չինական և ամերիկյան ընկերությունների, այդ թվում՝ Starlink արբանյակային ցանցը շահագործող SpaceX-ի համար:
Հաճախականության բաշխման առաջարկվող փոփոխություններն արդեն իսկ առաջացրել են SpaceX-ի խիստ քննադատությունը: Ընկերությունը նախազգուշացրել է, որ այս միջոցը կարող է վատթարացնել կապի որակն Ուկրաինայում, որտեղ Starlink ծառայությունը կարևոր դեր է խաղում քաղաքացիական և ռազմական հաղորդակցության ապահովման գործում ՝ ռուսական զինված ներխուժումից ի վեր:
FT-ն նշում է, որ եվրոպացի քաղաքական գործիչները ձգտում են նվազեցնել իրենց կախվածությունն ամերիկյան տեխնոլոգիաներից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելիության և կարևոր ենթակառուցվածքի համար օտարերկրյա ընկերությունների օգտագործման հետ կապված ռիսկերի ֆոնին:
Ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ ճանաչում է Եվրոպայի՝ պետական գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու իրավունքը, սակայն նախազգուշացրել է չօգտագործել օրենսդրությունը՝ ամերիկյան մրցակիցների հաշվին տեղական ընկերություններին առավելություններ տրամադրելու համար:










