ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ռուսական և իրանական «ստվերային նավատորմի» նավթային լցանավերի նկատմամբ սահմանափակումները թուլացնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով իրազեկված աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ քննարկվող միջոցառումները, ի թիվս այլ բաների, ներառում են վաճառքի թույլտվությունը պատժամիջոցների տակ գտնվող նավերի «բարեխիղճ նավատերերին», ինչպես նաև պատժամիջոցների վերացումը, ինչը թույլ կտա նման լցանավերին առանց սահմանափակումների նավթ տեղափոխել:
Վաշինգտոնը հույս ունի նվազեցնել դիզվառելիքի գների կտրուկ աճը՝ նոյեմբերի 3-ին ԱՄՆ միջանկյալ ընտրությունից առաջ: «ԱՄՆ-ում միջանկյալ ընտրության նախաշեմին վառելիքի գները նվազեցնելու՝ Սպիտակ տան հուսահատ փորձերը կարող են թույլ տալ սև ցուցակում հայտնված նավերին վերադառնալ համաշխարհային առևտուր»,- գրում է FT-ն:
Միացյալ Նահանգներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ վառելիքի գների բարձրացումը և Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած գնաճը շատ ամերիկացի ընտրողների տրամադրել են Թրամփի Հանրապետական կուսակցության դեմ:
Հոկտեմբերի 15-ին ամերիկյան բենզալցակայանները դիզվառելիք էին վաճառում միջինը 6,31 դոլարով (5,58 եվրո) մեկ գալոնի դիմաց (3,79 լ), ինչը մի փոքր պակաս է վերջին շաբաթների ընթացքում գրանցված ռեկորդային՝ մեկ գալոնի համար 6.53 դոլարից։








