ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Օմանի Սուլթանության SABCO Group ընկերությունների խմբի ներկայացուցիչ, խմբի մաս կազմող «Հանքային ջրերի ազգային ընկերություն» գլխավոր տնօրեն Սամիր Ալ-Բալուշիին։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու, ինչպես նաև Օմանը՝ որպես լոգիստիկ հանգույց օգտագործելու հնարավորությունները։
Արման Խոջոյանը նշել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է, և Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու հուսալի գործընկեր նաև Օմանի համար։
Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպման ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլեր ձեռնարկելու ամուր հիմք կհանդիսանան՝ նպաստելով երկկողմ համագործակցության ընդլայնմանը։
Հայաստան այցի շրջանակներում SABCO Group ընկերությունների խմբի ներկայացուցիչները նախատեսում են նաև հանդիպումներ ունենալ հանքային ջրեր, հյութեր, պահածոներ արտադրող մի շարք տեղական ընկերությունների ներկայացուցիչների հետ:










