Սահմանադրական դատարանը մերժել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների դիմումի քննարկումը, որով բարձրացվում էր Կառավարության ծրագիրը հաստատելու մասին Ազգային ժողովի օգստոսի 25-ի որոշման սահմանադրականության հարց:
Ընդդիմությունը փորձում էր պարզել, թե արդյոք սահմանադրական է Ազգային ժողովի որոշումը մի պայմաններում, երբ նորընտիր ԱԺ-ն առաջին նիստում Կառավարության ծրագիրը քննարկել է առանց ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրության հարցով քննարկումն ավարտելու: Բարձր դատարանը փաստել է՝ պատգամավորների ներկայացրած դիմումը ենթադրում է Սահմանադրական դատարանի համակարգային վերահսկողություն Ազգային ժողովի որոշումների նկատմամբ, մինչդեռ Սահմանադրական դատարանը նման մոտեցումը չի կարող ընդունել:
Ընդդիմությունը դիմումում խնդրահարույց էր համարել նաև Կառավարության ծրագրի 7-րդ գլուխը, որ վերնագրված է «Հոգևոր անվտանգություն»: Դիմումատուները կարծիք էին հայտնել, որ որևէ սահմանադրական նորմ Կառավարությանը չի լիազորում հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, նախաձեռնել Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, պարտադրել Եկեղեցու կանոնադրության ընդունում:
Բարձր դատարանը նշել է՝ բարձրացված հարցերը ենթակա չեն իրենց. ՍԴ-ն չի կարող գնահատել Կառավարության ծրագրում առկա քաղաքական որոշումների նպատակահարմարությունը:
Պետական մարմինները և պաշտոնատար անձինք ՍԴ կարող են դիմել միայն այնպիսի վեճերով, որոնց առարկան Սահմանադրության նորմերի մեկնաբանումն ու կիրառումն է, իրավական անվտանգությունը: «Մինչդեռ Կառավարության ծրագրի դրույթներն ինքնին չեն կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա, քանի որ դրանք չունեն նորմատիվ բովանդակություն։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք ձեռք են բերում իրավական նշանակություն միայն հետագա իրավաստեղծ գործունեության արդյունքում»,- ասվում է ՍԴ որոշման մեջ:









