Նոյեմբերի 20-ին Աթենքի ազգային հնագիտական թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Աթենքի ազգային հնագիտական թանգարանի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Նիկոլենցոսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պատմության թանգարանը։
Վերջինիս շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ ցուցահանդեսներ, գիտական, մշակութային միջոցառումներ, մասնագիտական փորձի փոխանակում։
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Ստորագրմանը հաջորդել է շրջայց Աթենքի ազգային հնագիտական թանգարանում՝ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ։










