Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը:

Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 թ. ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում: Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1958-1960 թվականներին նա սովորել և գերազանցությամբ ավարտել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսուրայի բաժինը:

1960-1964 թվականին Հակոբ Ազիզյանն ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ սովորելով ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Սարգիս Քոչարյանի արվեստանոցում:

Նույն թվականին նա աշխատանքի է անցել Վանաձորի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան, 1973 թվականից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Խոսքի մշակույթ», «Արտահայտիչ ընթերցանություն», «Հռետորական արվեստ» առարկաները:

1979 թվականին Հակոբ Ազիզյանն արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:

1995-2000 թվականներին նա ստանձնել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները, իսկ 2001-2002 թվականներին հանդիսացել է թատրոնի գլխավոր ռեժիսորը։

2003 թվականից Հակոբ Ազիզյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:

2004 թվականին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, 2011 թվականին Լիր արքայի դերակատարման համար արժանացել «Արտավազդ» մրցանակին:

Մարմնավորել է բազում կերպարներ թատրոնում.

  • Պեպո, Սամսոնյան` Սունդուկյանի «Պեպո», «Ամուսիններ»

  • Արբենին ` Լերմոնտովի «Դիմակահանդես»

  • Միքայել` Շիրվանզադեի «Քաոս»

  • Բոլենբրոկ` Շեքսպիրի «Ռիչարդ II»

  • Շմավոն` Ժ. Անանյանի «Կարուսել»

Երեք բեմադրության հեղինակ է․

  • «Աշնան արև»` ըստ Հ. Սաթևոսյանի

  • «Անառակ որդու վերադարձը»՝ ըստ Ա. Աղասարյանի

  • «Կիբոսա VII դար՝ըստ Հ. Վարդանյանի» (հեռուստաբեմադրություն)

Կինոյում ևս մարմնավորել է մի շարք կերպարներ․ «Հեղնար աղբյուր»՝ Երանոս, «Հող և ոսկի»՝ Ստեփան Մարգարյան, «Այս կանաչ, կարմիր աշխարհը»՝ Դիլան, «Վերադարձ»՝ Ռուբեն և այլն։

Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում:

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում