Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվել են տեսանյութեր և տարբեր հրապարակումներ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում շրջանառվող տեսանյութերում ներկայացվածը և ևս մեկ անգամ ընդգծում է, որ դպրոցական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և պետք է բացառվի։ Դպրոցը երեխայի համար պետք է լինի անվտանգ և պաշտպանված միջավայր, իսկ երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնության գործադրումը կամ որևէ այլ ձևով ոչ պատշաճ վերաբերմունքը որևէ պարագայում չեն կարող համատեղվել երեխայի արժանապատվության, անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հետ։
«Պաշտպանը մտահոգությամբ արձանագրում է նաև, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ստանալ դպրոցական միջավայրում երեխաների նկատմամբ բռնության, ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր, ինչը վկայում է այն մասին, որ երեխաների պաշտպանությունը պետք է դրսևորվի ոչ միայն առանձին դեպքերին արձագանքելու, այլև բռնության հնարավոր դրսևորումներին ժամանակին արձագանքելու, դրանք կանխելու և բացառելու ուղղությամբ հետևողական և գործուն աշխատանքի միջոցով։
Այս համատեքստում Պաշտպանը կարևորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշներով նախատեսված՝ սովորողների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործարկումը, այդ թվում՝ սովորողի պաշտպանության թիմերի պատշաճ գործունեությունը։
Պաշտպանն ընդգծում է, որ նման մեխանիզմների արդյունավետությունը պետք է գնահատվի առաջին հերթին դրանց գործնական կիրառմամբ։
Միաժամանակ, դպրոցներում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ տարածված տեսանյութերի համատեքստում Պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է երեխաներին վերաբերող տեսանյութերի և այլ հրապարակումների տարածման հարցում առանձնահատուկ զգուշավորության անհրաժեշտությունը։
Հատկանշական է, որ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս ընդգծել է, որ երեխայի վերաբերյալ ցանկացած հրապարակում, այդ թվում՝ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից, չի վերացնում երեխայի անձնական կյանքի, արժանապատվության և լավագույն շահի պաշտպանության անհրաժեշտությունը։ Առավել մտահոգիչ է, երբ նման հրապարակումներին հաջորդում են երեխային թիրախավորող կամ բռնությունն արդարացնող արձագանքներ, ինչն անընդունելի է։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների կողմից նման դեպքերի հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ պարզումը, անհրաժեշտ ընթացակարգերի պատշաճ իրականացումը և համապատասխան իրավական գնահատականի ապահովումը։
Սույն դեպքերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԻՊ մանդատի շրջանակում իրականացվում է ուսումնասիրություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթը նախաձեռնվել էր անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։










