Եմենի բնակչության մեծ մասը վերահսկող հութիները հարվածներ են հասցրել կառավարական ուժերին, ինչպես նաև նրանց աջակցող սաուդական դիրքերին:
«Անսար Ալլահ» շարժման խոսնակի ձևակերպմամբ՝ հակառակորդներին լուրջ վնաս է հասցվել: Յահյա Սարիան պնդել է, որ ստիպել են կոալիցիոն որոշ ստորաբաժանումների նահանջել Թաիզ նահանգում զբաղեցրած դիրքերից։ Տեղեկություններ կան, որ հութիները հարվածել են նաև Ջիդդայում «Saudi Aramco»-ի նավթավերամշակման օբյեկտների, Էր Ռիադի միջազգային օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի օդային տարածքը հայտարարել ռազմական գործողությունների գոտի։
Զուգահեռ, Եմենի կառավարական ուժերը հայտնում են Իրանի աջակցությունը վայելող հութիներին որոշ շրջաններից հետ մղելու, Մոխա նավահանգստի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին։ Նշվում է, որ Սաուդյան Արաբիան օդից կործանիչներով աջակցել է Եմենի բանակի ցամաքային գործողություններին։
Այս ֆոնին, Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է ԱԹՍ-ների և հրթիռների շարունակական հարվածների սպառնալիքի մասին՝ կոչ անելով զգոն լինել և հետևել պաշտպանական ծառայությունների ցուցումներին։
Անկարան և Իսլամաբադն էլ գործարկել են Էր Ռիադի հետ ավելի վաղ կնքված «Մեքքայի համաձայնագիրը»: Պակիստանը և Թուրքիան ռազմական ուժեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար: Փաստաթղթի կողմերը դատապարտել են հութիների գործողություններն ինչպես Եմենի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի դեմ։
Մամուլում Մեքքայի համաձայնագիրն անվանում են «մուսուլմանական ՆԱՏՕ»: Դրա հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն՝ կողմերից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլոր կողմերի վրա։









