Արհեստական բանականության օրեր Հայաստանում. 16 միջոցառում, 159 դպրոցի մասնակցություն

Արհեստական բանականության օրեր Հայաստանում. 16 միջոցառում, 159 դպրոցի մասնակցություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը մասնակցել է «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական նախաձեռնությանը, որն անցկացվել է «Ներառական ապագա՝ բոլորի մասնակցությամբ» խորագրով։ «ԱԲ օրեր 2026»-ը կազմակերպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ԿԳՄՍ և ԲՏԱԱԲ նախարարությունների հետ համագործակցությամբ։ Նախաձեռնությանը միացել է 159 դպրոց։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

ՄԱԶԾ-ի 12 գործընկեր կազմակերպություն անցկացրել է 16 միջոցառում՝ անվճար բաց դասեր, վերապատրաստումներ, գործնական աշխատարաններ, ֆորումներ և քննարկումներ։ «Պատրաստ ԱԲ-ին. կրթությունը, աշխատանքը և կյանքը Հայաստանում՝ արհեստական բանականության դարաշրջանում» երկրորդ քննարկմանը Աննա Բաբաջանյանն անդրադարձել է ուսուցման գործընթացում ԱԲ-ի կիրառման խնդրին, մասնավորապես՝ թե ինչպես պետք է դպրոցը փոխի ուսուցման ու գնահատման ձևերը, ինչ աջակցություն է անհրաժեշտ մարզերի ուսուցիչներին։ Կարևորվել են նաև ԱԲ-ի կարգավորման, նորարարության և հանրային վստահության, պետական համակարգերում ԱԲ-ի անվտանգ, թափանցիկ ու մարդակենտրոն կիրառման հարցերը։ Միջոցառման շրջանակում Երևանի և մարզերի ներկայացուցիչները քննարկել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ԱԲ գրագիտությունը, կիբեռանվտանգությունը, ԱԲ-ի կառավարման սկզբունքներն ու հանրային քաղաքականությունը, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությունը ԱԲ-ի ապագայի շուրջ հանրային երկխոսությանը։

«ԱԲ օրեր 2026»-ի գլխավոր միջոցառումը՝ «ԱԲ Ագորա»-ն (AI Agora), անցկացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հին Հունաստանի ագորայի օրինակով՝ Ազգային պատկերասրահում բացվել է «Ճնշման ցուցիչ» (Index of Pressure) ինստալյացիան՝ պատկերասրահի առաջին ցուցադրությունը, որը ստեղծվել է ԱԲ-ի միջոցով։ Այն բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը։ «ԱԲ օրեր 2026»-ի գործընկեր կազմակերպություններն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը (ISTC), «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը (MIC Armenia), CyHub Armenia-ն, Տեխնոլոգիական կրթության հիմնադրամը (TEF), «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն (APY), «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը (Teach For Armenia), Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF), TUMO Labs-ը, Plug and Play Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։ Նախաձեռնությունը համաֆինանսավորել են Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալությունը (Norad) և Ավստրիայի զարգացման գործակալությունը (ԱԶԳ)։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում